Պաշտոնական

Սերժ Սարգսյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նորանշանակ նախագահին

3 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նորանշանակ նախագահին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նորանշանակ նախագահ Օլեգ Բելոզյորովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը շնորհավորել է նրան պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ պարոն Բելոզյորովը կօգտագործի իր մասնագիտական փորձն ու կազմակերպչական հատկանիշները՝ ի նպաստ հայ-ռուսական դաշնակցային գործընկերության ամրապնդման:

Նախագահը միջպետական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում կարևորել է տարբեր ոլորտներում, այդ թվում` տրանսպորտի, սերտ փոխգործակցությունը և համոզվածություն հայտնել, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն իր նոր գլխավոր տնօրենի՝ Սերգեյ Վալկոյի գլխավորությամբ կշարունակի հետևողականորեն իրականացնել կոնցեսիոն պայմանագրով նախանշված աշխատանքները՝ պահպանելով ձևավորված սերտ համագործակցությունը հեռանկարային ու փոխշահավետ նախագծերի իրականացման շուրջ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ և Հայաստանում գործունեության ժամանակահատվածում նրա կառուցողական ու արդյունավետ աշխատանքի համար՝ ուղղված ՀՀ երկաթուղային ենթակառուցվածքի զարգացմանը և անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Օլեգ Բելոզյորովը Հանրապետության Նախագահին վստահեցրել է, որ շարունակելու է համատեղ արդյունավետ աշխատանքի լավ ավանդույթները և պահպանելու ու զարգացնելու է Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի բարելավման գործում արձանագրված դրական դինամիկան, որում իր գլխավորած ընկերությունը, նրա հավաստմամբ, մեծապես շահագրգռված է և ունի որոշակի ծրագրեր:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայկական երկաթուղու արդիականացման, տեխնիկական վերազինման, անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ մինչև այժմ իրականացված աշխատանքներին, քննարկել ընթացիկ ծրագրերը, դեռևս առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում