Մշակույթ

Քաղաքային ռոմանս 4 ընկերների մասին. «Հյուսիս-hարավ» արկածային ֆիլմը կինոթատրոնների էկրաններին է

3 րոպեի ընթերցում

Քաղաքային ռոմանս 4 ընկերների մասին. «Հյուսիս-hարավ» արկածային ֆիլմը կինոթատրոնների էկրաններին է

ԵՐԵՎԱՆ,10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեղծել լավ ֆիլմ, որը դուր կգա հանդիսատեսին. հենց այս գաղափարով է առաջնորդվել ռեժիսոր Դավիթ Բաբախանյանը «Հյուսիս-հարավ» արկածային կինոկատակերգությունը նկարահանելիս: Սեպտեմբերի 10-ից «Sharm pictures»-ի ստեղծած նոր կինոնկարը հայկական կինոթատրոնների էկրաններին է:

«Իմ նպատակն էր ստեղծել լավ ֆիլմ, որի շուրջ կհավաքվեն լավ մասնագետներ, և որը մեր հանդիսատեսին դուր կգար: Հայերն ընտանիքով , բարեկամներով, ընկերներով կգնան, կդիտեն, լավ ժամանակ կանցկացնեն: Դա է եղել նպատակը: Ֆիլմը մեծ մասամբ նկարահանվել է Հայաստանում: Այն մեր քաղաքի, Երևանում ապրող մարդկանց, երիտասարդների, ընկերների մասին է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Դավիթ Բաբախանյանը:

«Հյուսիս-հարավ» ֆիլմն ըստ էության քաղաքային ռոմանս է 4 ընկերների մասին: Ֆիլմի հերոսը` կրտսեր գիտաշխատող Նվերը, մասնագիտական պատվեր ստանալով մեծահարուստ Լամբերտ Խաչատուրովիչից, որոշում է օգտվել առիթից և ընկերների համար երեկույթ կազմակերպել պատվիրատուի շքեղ առանձնատանը: Չափից դուրս աշխուժության արդյունքում ջարդվում է Լամբերտ Խաչատուրովիչի հոր արձանը: Հաշվի առնելով վերջինիս վերաբերմունքը հոր հիշատակի նկատմամբ՝ ընկերները հեշտությամբ պատկերացնում են Նվերի վախճանը: Տղաները մոգոնում են «փրկության ծրագիր», սակայն ունքն ուղղելու փոխարեն աչքն էլ են հանում: Այժմ նրանք ոչ միայն պետք է արձանի գումարը վճարեն, այլև կազմակերպեն շքեղ հարսանիք, որի համար ստացած կանխավճարն այլևս չկա:

«Ինչպես յուրաքանչյուր ռեժիսոր, սպասում եմ, որ հանդիսատեսը գա և տեսնի ֆիլմը: Հույս ունեմ, որ վերջում դուրս կգա և կասի` ի~նչ լավ ֆիլմ էր, իզուր չէր, որ եկա դիտելու»,-նշեց Դավիթ Բաբախանյանը:

Այս ֆիլմում հայկական կինոարտադրության մեջ առաջին անգամ ընդգրկվել են մեծածավալ անիմացիոն դրվագներ: Ֆիլմի սցենարի հեղինակն է Աշոտ Աբրահամյանը, գլխավոր պրոդյուսերը՝ Կարեն Ղազարյանը: Ֆիլմում նկարահանվել են Դիանա Մալենկոն, Դավիթ Թովմասյանը, ՀՏ Հայկոն (Հայկ Մարգարյան), Միշոն (Միքայել Աբրահամյան), Սոս Ջանիբեկյանը, Մկրտիչ Արզումանյանը, Սոնա Շահգելդյանը, Արթուր Կարապետյանը, Մարջան Ավետիսյանը, Էվա Խաչատրյանը և ուրիշներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում