ԼՂՀ մի շարք պետական կառույցներ ավտոմեքենաներ են ստացել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է բարերար Արթուր Վարժապետյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Այնուհետեւ Նախագահ Սահակյանը եւ Արթուր Վարժապետյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել են ԼՂՀ մի շարք պետական կառույցների ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Արթուր Վարժապետյանին` Արցախին մշտապես սատարելու համար՝ նշելով, որ դա ընդօրինակման արժանի հայրենանվեր գործունեություն է:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
