Վուրգավանցի աշակերտներն այսուհետ դասերը կանցկացնեն վերանորոգված դպրոցում
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղում սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել առաջնային ենթակառուցվածքների համալիրի բացումը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայրենասեր» կազմակերպությունից, առաջնային ենթակառուցվածքների համալիրն իր մեջ ներառում է հիմնովին վերակառուցված դպրոցը նոր մարզադահլիճով, նորակառույց բուժկետ ու համայնքապետարան։ Համալիրը կառուցվել է «Հայրենասեր» կազմակերպության կողմից 2015 թվականի ամռանը, և նոր ուսումնական տարին վուրգավանցի դպրոցականները դիմավորել են նոր դպրոցում։
Բացման արարողությանը ներկա են եղել գյուղի բնակիչներ, դպրոցի աշակերտներ, ուսուցիչներ, տեղական ղեկավարության ներկայացուցիչներ։ Ներկա են եղել նաև «Հայրենասեր» կազմակերպության համահիմնադիրներ Նելլի Մարտիրոսյանն ու Ստեփան Սարգսյանն իրենց փոքրիկ դստեր՝ Շուշիի հետ։
Վուրգավանցիները ոգևորված ու հուզված են եղել․ չէ՞ որ սա պարզապես մի նոր շինություն չէ իրենց գյուղում (նոր շինություններ էլ, ցավոք, ազատագրված հայրենիքում հաճախ չեն վեր խոյանում), սա վաղվա օրվա գրավականն է, Վուրգավան գյուղի վաղվա օրվա գրավականը։ Նոր դպրոցը հնարավորություն է տալու վուրգավանցի երեխաներին կրթություն ստանալ հարմարավետ ու ժամանակակից, մաքուր դասասենյակներում, և հենց սրա շնորհիվ ծնողները չեն մտածելու երեխաներին գյուղից հեռացնելու մասին։ Գյուղում այսուհետ գործելու է բուժկետ և առաջին բուժօգնություն ստանալու համար անհրաժեշտ չի լինելու կիլոմետրեր կտրել։ Համայնքի խնդիրներն այսուհետ քննարկվելու են ոչ թե գյուղի փողոցներում, կամ, կախված եղանակից, համայնքապետի տանը, այլ նորակառույց համայնքապետարանում։
«Հայրենասեր» կազմակերպությունը շնորհակալություն է հայտնել բոլոր նվիրատուներին, ում շնորհիվ հնարավոր է դարձել իրականացնել Վուրգավանի հրաշքը, Վուրգավանին ապագա նվիրել, ու հնարավոր դարձնել գյուղի հետագա զարգացումը։ «Առանց ձեր նվիրատվությունների մեր ազատամարտիկների սկսած գործը Վուրգավանում կիսատ կմնար․ այսօր այն շարունակվում է, շարունակվում է յուրաքանչյուր փոքրիկ վուրգավանցու միջոցով, ում ծնողն այլևս չի մտածելու նրան գյուղից հեռացնելու մասին»,-նշված է կազմակերպության տարածած հողարդագրության մեջ: