ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլանդացի դիզայներ Անուկ Վիպրեխտը ներկայացրել Է պլաստիկից պատրաստված զգեստների հավաքածու, որոնց դետալները տպվել են 3D-տպիչով: Հագուստն ստեղծելիս օգտագործվել են նաեւ Audi A4 սեդանի մասեր, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Luxurylaunches-ին:
Հավաքածուում կա ընդամենը չորս զգեստ, դրանք կատարված են սեւ եւ սպիտակ գույներով: Դիզայներն ինքը դրանք անվանում Է «վահաններ»: «Ավտոմոբիլից կարելի Է վերցնել այն, ինչն իրոք մարդուն կապում Է ավտոմեքենայի հետ»,- Վիպրեխտի խոսքը մեջբերում Է Cnet հրատարակությունը:
Երկու զգեստների վրա տեղակայված են լամպեր եւ կայանման տվիչներ, որոնք գործի են ընկնում, երբ մարդիկ մոտենում են ավտոմոբիլներին: Շարքի եւս մեկ զգեստ զարդարված Է 60 վատ հզորությամբ լուսադիոդներով:
Առաջին անգամ զգեստները ներկայացվել են Բեռլինի Fashiontech խորհրդաժողովում: Պլանավորվում Է, որ շուտով դրանք կցուցադրվեն Միլանում, Պեկինում եւ Լոնդոնում՝ Audi-ի ֆիրմային խանութներում: