Արցախ

Ստեփանակերտում կանցկացվեն ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներ

2 րոպեի ընթերցում

Ստեփանակերտում կանցկացվեն ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի նախագահությամբ օգոստոսի 24-ին տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, շահագրգիռ գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել են տոնական միջոցառումների նախապատրաստության հետ կապված հարցեր:

Սեպտեմբերի 1-ին և 2-ին տարաբնույթ միջոցառումներ են նախատեսվում մայրաքաղաք Ստեփանակերտում և շրջաններում: Հանրապետության բոլոր կրթական հաստատություններում նոր ուսումնական տարվա առաջին դասը կանցկացվի խաղաղության թեմայով` դասընթացի կազմակերպմանը ներգրավելով պետական պաշտոնյաների, Արցախյան պատերազմի մասնակիցների և ՊԲ սպայական կազմի ներակայցուցիչների: Ստեփանակերտում կներկայացվի Ջ. Վերդիի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը:

Սեպտեմբերի 2-ին մայրաքաղաքի և շրջկենտրոնների փողոցներով կանցնեն զինվորական զորասյուներ: Կկազմակերպվեն այցելություններ հուշահամալիր, ծաղկեպսակադրության արարողություններ կլինեն զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձաններին: Շ

ուշիում տեղի կունենա «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի» Ստեփանակերտի մասնաճյուղի նոր շենքի բացման արարողությունը: Տոնական միջոցառումները կավարտվեն սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում` համերգով և հրավառությամբ:

Նիստի ավարտին Արթուր Աղաբեկյանը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին տվել է հանձնարարականներ` միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում