ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Intel կորպորացիան ներկայացրել Է հիշողության նոր դաս՝ Optane առեւտրանիշի ներքո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Լենտա.ռու»-ն Սան Ֆրանցիսկոյի IDF 2015 խորհրդաժողովից: Կորպորացիայի գլխավոր տնօրեն Բրայան Կրժանիչի խոսքով՝ մշակումը կարող Է տվյալները մշակել 1000 անգամ ավելի արագ, քան ֆլեշ-հիշողությունը (NAND):
Տեխնլոգիան ստեղծվել Է Micron ընկերության հետ համատեղ՝ 3D Xpoint Էներգաանկախ հիշողության հիման վրա: Այն իրենից ինչ-որ միջին բան Է ներկայացնում NAND-ի եւ DRAM-ի (օպերատիվ հիշողության ձեւաչափ) միջեւ: Այսպես, Optane-ն Էներգաանկախ Է (աշխատում Է, նույնիսկ երբ սնուցման աղբյուր չկա), ինչպես ֆլեշ-հիշողությունը, բայց շատ ավելի արագ՝ գրեթե մոտենալով օպերատիվ հիշողության մոդուլներին:
Բացի դրանից, Կրժանիչի ելույթի շրջանակներում իրական ցուցադրությունը ցույց Է տվել, որ նախատիպի արագությունը յոթն անգամ ավելի մեծ Է, քան Intel P3700 ամենաարագ SSD-հիշասարքինը:
Ինչպես նշել են Intel-ում, նոր տեխնոլոգիան կարող Է օգտագործվել տարբեր ոլորտներում, օրինակ՝ համակարգչային խաղերում: Սպասվում Է, որ տեխնոլոգիան շուկայում կհայտնվի 2016 թվականին մեծ արագության եւ մեծ հուսալիության Intel SSD պինդմարմնային հիշասարքերի նոր շարքի շրջանակներում: