ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում գիտնականների միջազգային խումբ Է ընտրվել Մարս թռչելու պայմանների նմանակմամբ նոր գիտափորձի մասնակցելու համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՆԱՍԱ-ին, 365 օրվա ընթացքում վեց կամավորներն արտաքին աշխարհից լիակատար մեկուսացման մեջ են ապրելու Հավայան կղզիների Մաունա Լոա հանգած հրաբխի լանջին, որը հեռավոր հիշեցնում Է Կարմիր մոլորակի բնապատկերը:
Սկսած 2013 թվականից՝ սա կլինի արդեն գիտնականների չորրորդ խումբը, որն իրեն մեկուսացման Է դատապարտում Հավայան կղզիների ինքնավար համալիրում: Մեկուսացածների առաջին երկու խմբերն այնտեղ ապրել են չորսական ամիս, երրորդը երկու անգամ ավելի երկար Է դիմացել: Մեկ տարի տեւողությամբ նոր փուլը կսկսվի օգոստոսի 28-ին:
«Որքան ավելի երկար Է դառնում յուրաքանչյուր առաքելությունը, այնքան ավելի լավ ենք մենք հասկանում, թե ինչ վտանգների հետ Է կապված տիեզերական ճանապարհորդությունը»,-հայտարարել Է Քիմ Բինսթեդը՝ նախագծի գիտական ղեկավարը, որը մշակվել Է ՆԱՍԱ-ի եւ Հավայան կղզիների համալսարանի կողմից: Կազմակերպիչները հուսով են, որ գիտափորձը կօգնի նախապատրաստել մարդու առաջին թռիչքը դեպի Մարս, որն ԱՄՆ-ի տիեզերական գերատեսչությունը հույս ունի իրականացնել 2030-ական թվականներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: