ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ փայատիրոջ ներկայացուցիչ Ռալֆ Յիրիկյանի հետ օգոստոսի 13-ին այցելել է Ստեփանակերտի «Թումո» կենտրոն՝ ծանոթանալու այնտեղ ընթացող շինարարական աշխատանքներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, շրջելով կենտրոնի սենյակներով՝ վարչապետն իր գոհունակությունն է հայտնել կատարված աշխատանքի վերաբերյալ և համապատասխան պաշտոնատար անձանց տվել նոր հանձնարարականներ, որպեսզի ուսումնական կենտրոնը շահագործման հանձնվի սեպտեմբերին:
Շենքի՝ ավարտին մոտեցող վերակառուցման համար «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունը հատկացրել է շուրջ 150 մլն դրամ գումար, իսկ սարքավորումները ձեռք կբերվեն Հայ բարեգործական ընդհանուր միության կողմից: Ըստ պատասխանատուների զեկուցման՝ Ստեփանակերտի «Թումո» կենտրոն կարող են հաճախել Արցախի 500-ից ավելի 12-18 տարեկան երեխաներ՝ տարբեր բնակավայրերից: