Տարածաշրջանային

Թուրքիան մտադիր է միջազգային հետախուզում սկսել թուրք նախկին դատախազների նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Թուրքիան մտադիր է միջազգային հետախուզում սկսել թուրք նախկին դատախազների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իրավապահ մարմինները փախած համարվող երկու թուրք նախկին դատախազների` Զեքերիա Օզի և Ջելալ Քարայի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ որոշում են կայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Անադոլու» գործակալությունը տեղեկացնում է, որ ծանր հանցագործությունները քննող Բաքըրքյոյի 2-րդ դատարանը արդարադատության նախարարությանը «դիֆուզիոն հաղորդագրություն» է ուղարկել:

Հաղորդագրությունը, որը պարունակում է գրեթե նույն չափորոշիչները, ինչ «Ինտերպոլ»-ի «կարմիր շրջաբերականը», Թուրքիայի «Ինտերպոլի» կողմից ուղարկվելու է մյուս երկրների «Ինտերպոլ»-ներին: Հաղորդագրությունը նախատեսում է, որ հետախուզման մեջ գտնվող անձինք տվյալ երկրում բռնվելուց հետո հանձնվեն Թուրքիային:

Թուրքական լրատվամիջոցներն օգոստոսի 11-ին տեղեկություն էին տարածել այն մասին, թե իբր նախկին դատախազներ Զեքերյա Օզը և Ջեմալ Քայան, ում ձերբակալելու մասին որոշում էր կայացվել օգոստոսի 10-ին, թուրք-վրացական Սարպիի անցակետում հատել են սահմանը և մտնել են Վրաստան, իսկ այնտեղից էլ՝ Հայաստան: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը նշեց, որ տեղեկատվություն չունի Թուրքիայի երկու դատախազների` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու մասին: «Մենք նման տեղեկատվություն չունենք»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Նախկին դատախազներ Զեքերիա Օզը և Ջեմալ Քայան Թուրքիայում նախ հեռացվել էին իրենց պաշտոններից, այնուհետև քրեական հետապնդման էին ենթարկվել, երբ սկսել էին վարել 2013 թվականի դեկտեմբերին բացահայտված «Մեծ կաշառք» գործը, որին խառնված էին երկրի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նրա որդին՝ Բիլալ Էրդողանը, ինչպես նաև չորս նախարար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում