ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ը սեպտեմբերի երկրորդ շաբաթում կհրավիրի մամուլի ասուլիս, որտեղ կներկայացնի iPhone սմարթֆոնների նոր տարբերակը եւ նոր Apple TV-ն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BuzzFeed News-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ: Առավել հավանական օրն աղբյուրները նշում են սեպտեմբերի 9-ը:
Ինտերնետ-հրատարակությունը հիշեցնում Է, որ անցյալ տարի նման միջոցառումը նույնպես տեղի Է ունեցել սեպտեմբերի 9-ին:
Apple-ից պաշտոնապես հավաստում կամ հերքում առայժմ չի ստացվել:
Apple-ի գործունեությանը հետեւող այլ հրատարակություններ նշում են, որ BuzzFeed-ը սովորաբար չի սխալվում ժամկետների կանխատեսման հարցում:
Այլ նորամուծություների թվում հաջորդ սերնդի iPhone-ները կստանան Force Touch պաշտպանված դիսփլեյներ, A9 պրոցեսոր, կատարելագործված խցիկ եւ ավելի արագ LTE կապ:
Էական փոփոխություններ են սպասվում Apple TV-ում. A8 նոր պրոցեսոր, լիակատար մուտքի հնարավորություն App Store հավելվածների խանութ, հեռակառավարման վահանակ՝ սենսորային կառավարմամբ, եւ ինտեգրացում Siri ձայնային մոդուլի հետ:
Բացառված չԷ, որ Apple-ը շուկային կներկայացնի iPad պլանշետային համակարգչի նոր մոդել:
Եթե մամուլի ասուլիսն իրոք տեղի ունենա սեպտեմբերի 9-ին, Apple-ն, ամենայն հավանականությամբ, կսկսի iPhone-ի եւ Apple TV-ի նախապատվերներ ընդունել սեպտեմբերի 11-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: