Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-2/27. «Նավը լեռան վրա»

2 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-2/27. «Նավը լեռան վրա»

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել: Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակված երկու ուշագրավ գիրք՝ երկու խորագրի ներքո:

Դասական գրականություն

Կոստան Զարյան, «Նավը լեռան վրա»

Վեպում պատկերված է 1918-1920 թվականների Հայաստանը` հայերի պայքարը թուրքերի դեմ, Սարդարապատի ճակատամարտը, Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներն ու Հայաստանում սովետական կարգերի հաստատումը։ Հեռավոր նավարկությունների նավապետ Արա Հերյանը Բաթում քաղաքում նավ է գնում, գնացքով բերում Հայաստան, այնուհետև եզներով քաշում մինչև Քանաքեռ, սակայն քաղաքական պատճառներով երկար ժամանակ նավը մնում է այդտեղ։ Վեպում նավը ընթացքի ու շարժման խորհրդանիշ է, լեռը՝ Հայաստանի ու հայ ժողովրդի։ Նավը լեռը բարձրացնելը՝ Սևան հասցնելը, խորհրդանշում է հայոց պետականության վերականգնումը։ Գիրքը հրատարակել է Սարգիս Խաչենցը և «Փրինթինֆոն»:

Մանկական գրականություն

«Հեքիաթներ տղաների համար»

Երեք ամենահեքիաթային հեքիաթները հատուկ տղաների համար՝ մեկ գրքում: «Ագահ Մեդոկը», «Ֆինվարայի կախարդական գավաթը» և «Հավեյն ասպետի հրաշալի պսակադրությունը» կսովորեցնեն տղաներին լինել քաջ, բարի, մեծահոգի և հնարամիտ: Գիրքը հրատարակել է «Բուկինիստ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում