Արցախ

ԼՂՀ վարչապետը մասնակցել է Ավետարանոց գյուղի մանկապարտեզի բացմանը

2 րոպեի ընթերցում

ԼՂՀ վարչապետը մասնակցել է Ավետարանոց գյուղի մանկապարտեզի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 6-ին ներկա է գտնվել Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի մանկապարտեզի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Գերմանիայի «Հայ գործարարների միության» և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ կառուցված մանկապարտեզի բացմանը հնչած ելույթներում կարևորվվել է նորակառույց շենքի նշանակությունը համայնքի զարգացման, մատաղ սերնդի դաստիարակության և երիտասարդության արտահոսքը կանխելու գործում:

Համայնքի ավագանու որոշմամբ՝ միության ներկայացուցիչներ Մուրատ Աքյուզին, Պետրոս Ազատյանին և Մասիս Պետրոսյանին շնորհվել են Ավետարանոցի պատվավոր քաղաքացիների կոչումներ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` միության նախագահ Մուրատ Աքյուզն իր գործընկերների անունից վստահեցրել է, որ օժանդակությունն Ավետարանոցի զարգացմանը միտված ծրագրերին տևական է լինելու, և իրենք հետագայում ևս մեծ սիրով մասնակցելու են համայնքային խնդիրների լուծմանը:

Արցախի Հանրապետության իշխանությունների անունից շնորհավորելով Ավետարանոցի բնակիչներին՝ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը վստահեցրել է, որ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել մանկապարտեզաշինության և դպրոցաշինության ծրագրերը` ապահովելով հանրապետության կրթական ցանցի բարելավումը:

Միջոցառման ավարտին մանկապարտեզի սաները հանդես են եկել գրական-երաժշտական ներկայացմամբ: Մանկապարտեզը նախատեսված է երկու խմբի համար՝ շուրջ 60 երեխայի ընդգրկմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում