Արցախ

ԿԽՄԿ-ն բարձր է գնահատել ԼՂՀ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի հետ համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

ԿԽՄԿ-ն բարձր է գնահատել ԼՂՀ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի հետ համագործակցությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում հուլիսի 20-ին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող ԼՂՀ հանձնաժողովի և ԼՂՀ ու ՀՀ աշխատանքային խմբերի համատեղ նիստ, որը համանախագահել են ԼՂՀ նշված հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը և ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հանձնաժողովի աշխատանքներին ներկա էր նաև ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Թոմաս Հալյեն:

Նիստի ընթացքում քննարկվել են անհայտ կորածների հուղարկավորման հնարավոր վայրերի հայտնաբերման, արտաշիրմանն ուղղված համատեղ աշխատանքների, ոլորտին առնչվող քրեադատավարական գործողությունների համադրման, անհայտ կորածների ընտանիքներից կենսաբանական նմուշներ վերցնելու, վարելու և այլ անձնական տվյալներ հավաքագրելու հարցեր:

Այնուհետև հայկական երկու հանրապետությունների համապատասխան հանձնաժողովների կողմից կարևորվել է ԿԽՄԿ պատվիրակության` նշված աշխատանքներին աջակցելու, աշխատանքային խմբերին համապատասխան մասնագիտական օգնություն ցուցաբերելու և առանց հարցը քաղաքական դաշտ տեղափոխելու, ցանկացած ձևաչափով ադրբեջանական կողմի հետ փոխհամագործակցելու հարցերին նպաստելու անհրաժեշտությունը:

ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչը բարձր է գնահատել ԼՂՀ հանձնաժողովի գործունեությունը և համագործակցությունը իրենց կառույցի հետ:

Հանձնաժողովի նիստի ավարտին քննարկվել է հետագա անելիքներին և համատեղ իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Վերջում նիստի մասնակիցները այցելել են ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության թանգարան, ծանոթացել կատարված աշխատանքներին և հետագա ծրագրերին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում