Հայաստանում հյուրերի առջև դռները բացեց միջազգային բրենդի նոր հյուրանոց`«Doubletree by Hilton»

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում միջազգային բրենդի հյուրանոցների թիվն ավելացավ ևս մեկով: Հուլիսի 18-ին Երևանում տեղի ունեցավ «Doubletree by Hilton» հյուրանոցի բացման պաշտոնական արարողությունը: Հյուրանոցի բացմանը մասնակցում էին նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բազմաթիվ հյուրեր Հայաստանից և արտերկրից:

Հյուրանոցը կառուցվել է իտալական «Ռենկո» ընկերության և Doubletree by Hilton հյուրանոցային միջազգային ցանցի միջև կնքված համաձայնագրի արդյունքում: Նորակառույց հյուրանոցը միանում է Hilton-ի համաշխարհային ցանցին, որը սփռված է աշխարհի 94 երկրներում:

Լրագրողների հետ զրույցում «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջիովաննի Ռուբինին ընդգծեց, որ «Ռենկո»-ն Հայաստանում շատ աշխատանքներ է կատարել, որոնցից մեկի արդյունքն էլ նորակառույց հյուրանոցն է Երևանի կենտրոնում: «Մենք մինչ այս կառուցել ենք «Երևան» հյուրանոցը, «Կոնգրես» հյուրանոցը, Դիլիջանում կենտրոնական բանկի նոր շենքը, «Պիացցա գրանդե» բիզնես կենտրոնը, իսկ մեր վերջին գործն այս հյուրանոցն է, որը մենք սիրում ենք այնպես, ինչպես մարդիկ սիրում են իրենց վերջին երեխային: Մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք ռեկորդային ժամկետում այս հյուրանոցը շահագործման հանձնել: Շինհրապարակը բացվել էր 2014թ. հունվարի 24-ին, իսկ այսօր՝ 2015թ. հուլիսի 18-ին մենք կատարում ենք հյուրանոցի պաշտոնական բացումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Ռուբինին հայտնեց, որ նախագծի մշակման գործում իրենք դիմել են իտալական հայտնի ճարտապապետական ընկերության օգնությանը, որն ակտիվ գործունեություն է ծավալում ամբողջ աշխարհում: «Մեր գաղափարն այն է, որ պետք է մի փոքրիկ քաղաք ստեղծենք հին հեծանվահրապարակի տարածքում: Այստեղ բացի այս հյուրանոցից, լինելու են նաև գրասենյակային շենքեր, խանութներ, ինչպես նաև բնակելի տարածքներ: Քանի որ հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնում, որը ես համարում եմ նաև իմ քաղաքը, քանի որ սիրահարված եմ այս քաղաքին, մենք որոշել ենք այստեղ հիանալի գործ կատարել, որի արդյունքները դուք տեսնում եք և դեռ տեսնելու եք»,- ընդգծեց «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրենը:

Doubletree by Hilton նորաբաց հյուրանոցի գլխավոր կառավարիչ Մարկո Պալերմին լրագրողների հետ զրույցում նշեց, որ հյուրանոցի մասին արդեն շատ բան է ասում այն հանգամանքը, որ այն կառուցվել է ընդամենը 14 ամսվա ընթացքում: «Դուք ինքներդ տեսնում եք, թե այդքան կարճ ժամանակում մենք ինչ բարձր մակարդակի հյուրանոց ենք ստացել: Մեր աշխատակազմն էլ լավագույնն է, որ ես տեսել եմ իմ կյանքի ընթացքում: Հյուրանոցն ունի 176 սենյակ, որոնք բաժանվում են տարբեր դասերի: Հյուրանոցի լավագույն հատվածներից մեկն էլ ռեստորանն է: Բացի այդ, հյուրանոցն ունի կոնֆերանսների համար նախատեսված 8 սրահներ՝ նախատեսված միչև 400 հոգու համար: Հյուրանոցն ունի գեղեցիկ ներքին դիզայն, հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, արտաքին տեսքը ևս շատ գեղեցիկ է և ժամանակակից»,- եզրափակեց Պալերմին:

«Ռենկո» ընկերությունը պլանավորում է Երևանի հին հեծանվահրապարակի տարածքում սկսած նախագիծն ամբողջությամբ ավարտին հասցնել 5 տարվա ընթացքում՝ ներդնելով 130-150 միլիոն եվրո: Առաջիկայում արդեն շահագործման հանձնված հյուրանոցի շրջակայքում կառուցվելու են երկու բնակելի շենքեր, գրասենյակային տարածքներ պարունակող շենք, խանութներ, ավտոկայանատեղիներ:

Հայերեն Русский

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը