Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ը հարգանքի տուրք կմատուցի հայ կինոյի վարպետներին

2 րոպեի ընթերցում

«Ոսկե ծիրան»-ը հարգանքի տուրք կմատուցի հայ կինոյի վարպետներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնը հարգանքի տուրք կմատուցի հայ կինոյի վարպետներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Ոսկե ծիրան» ՄԿՓ միջազգային կապերի բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը:

«Ամեն տարի փառատոնը ուշադրություն է դարձնում հայ անվանի կինոգործիչներին: Այս տարի ևս հարգանքի տուրք ենք մատուցելու Հենրիկ Մալյանին՝ 90-րդ, Հենրիկ Մարգարյանին՝ 90-րդ, Լևոն Աթոյանցին 85-րդ հոբելյանների առթիվ: Կներկայացվեն նրանց ֆիլմերը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Տաթևիկ Մանուկյանը:

Փառատոնի շրջանակում ցուցադրվեն Մալյանի «Կտոր մը երկինք», Մարգարյանի «Տերտերին ուխտը» և Աթոյանցի «Ավդոյի մեքենան» կինոնկարները:

«Չնայած մեր տնօրենը կողմ չէր այս գաղափարին, բայց այս ծրագրում նաև ընդգրկել ենք փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի 60-ամյակին նվիրված երեկո: Կցուցադրվի նրա ֆիլմերից «Սպիտակ քաղաքը»,-նշեց Տաթևիկ Մանուկյանը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վեր:Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում