Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվածներ չկան, ոստիկանությունը խաղաղ է գնահատում իրավիճակը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղրամյան պողոտայից ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացիներ չկան: Բոլոր քաղաքացիները, ովքեր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերից բերման են ենթարկվել նախորդ օրերին, բաց են թողնվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը` տեղեկացնելով, որ ոստիկանությունը ներկա պահին խաղաղ է գնահատում Բաղրամյան պողոտայի իրավիճակը: «Երկու կողմերն էլ խաղաղ են, քաղաքացիներն անօրեն գործողություններ թույլ չեն տալիս, իսկ ոստիկանությունը չի փորձի կտրուկ գործողություններ իրականացնել»,-ասաց Օսիպյանը:

Ուկրաինացի լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է փոխոստիկանապետը հատել բարիկադները եւ անցել քաղաքացիների հատված` նշելով` արդյո՞ք հյուր է եկել քաղաքացիներին, Օսիպյանը նշեց, որ հյուր գնալու խնդիր չունի, քանի Երևանը բոլորի տունն է, իսկ ժողովուրդն ու ոստիկանները միասնական են: Նա կարծիք հայտնեց, որ Բաղրամյան պողոտան երկար ժամանակ փակ չի մնա` չմանրամասնելով, թե ինչով է պայմանավորված իր վստահությունը: «Ոստիկանությունն այս օրերին բացատրական աշխատանքներ է տանում քաղաքացների հետ եւ հորդորում, որ գնան օրինական ճանապարհով եւ հարցի համար գտնեն սահմանադրական լուծում»,-ասաց Երեւանի ոստիկանության պետի տեղակալը: Ոստիկանները ցանկանում են հասնել նրան, որ ցուցարարներն անօրեն գործողությունների փոխարեն օրինական դաշտում գործեն:

Խոսելով հունիսի 23-ի լուսաբացի մասին` Օսիպյանը հիշեցրեց, որ ՀՀ ոստիկանապետի հանձնարարականով իրականացվելու է ծառայողական քննություն եւ ոստիկանության բոլոր այն ծառայողները, ովքեր թույլ են տվել խախտումներ եւ վնասել են քաղաքացիներին, պատժի կենթարկվեն սահմանված կարգով:

Օսիպյանն անդրադարձավ նաև այն թեմային, թե ինչպես են Բաղրամյան պողոտայի իրադարձությունները լուսաբանվում միջազգային լրատվամիջոցներում` հատկապես այն հարցին, որ որոշները դրանք որակեցին որպես «երկրորդ մայդան», Օսիպյանն ասաց, որ լրագրողները կարող են ազատորեն լուսաբանել, սակայն այս դեպքերը որպես մայդան որակելը սխալ է: «Թող տեսնեն, որ Հայաստանը ինքնիշխան, իրավական-ժողովրդավարական պետություն է եւ բացառում եմ նման բան այստեղ, հնարավոր չէ նման բան որևէ մեկի մտքի ծայրով անգամ անցնի»,-հայտարարեց Երեւանի փոխոստիկանապետը:

Նրան մի կին հյուրասիրեց իր ձեռքով պատրաստած եւ Բաղրամյան պողոտա բերած գաթաներ, իսկ նստացույցի մասնակիցներն առաջարկեցին ոստիկանների թիմ կազմել եւ իրենց հետ ֆուտբոլ խաղալ: Օսիպյանն առաջարկեց ուկրաինական լրատվամիջոցի ներկայացուցիչներին, ովքեր քիչ առաջ «մայդանային» հարցեր էին տալիս, արձանագրել, թե ինչպիսի մթնոլորտ է Բաղրամյան պողոտայում:

Հունիսի 25-ի առավոտյան ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւս այցելել է Բաղրամյան պողոտա, զրուցել նստացույց հայտարարած քաղաքացիների հետ: Վլադիմիր Գասպարյանը կարճատև զրույց է ունեցել նաև ցուցարարների և ոստիկանների միջև եղած հատվածում ամբողջ գիշեր անցկացրած` Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ:

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում`Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա`հանրահավաք, այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով` հասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան: Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23-ի երեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մինչև այժմ այն շարունակվում է: Ակցիայի մասնակիցները պանաջում են չեղյալ հայտարարել սակագնի բարձրացման որոշումը:

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը չլիներ, Իսրայելը ոչնչացված կլիներ

Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Երևանյան բեմն ասես գրկում է քեզ. Յակոբսոնի անվան բալետի թատրոնը եռօրյա հյուրախաղերով Հայաստանում է

Ռուբեն Հակոբյանը կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ․ ՔԿ

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած

Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի պաշտպանության նախարար

ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը

Բացահայտվել են բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը

Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում

Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից