Արգենտինայում Մարդու իրավունքներին նվիրված կինոփառատոնին ցուցադրվել է Ցեղասպանության մասին ֆիլմ
1 րոպեի ընթերցում

ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայում մեկնարկած Մարդու իրավունքներին նվիրված 16-րդմիջազգային կինոփառատոնին (FICDH) ցուցադրվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Focus on Armenia» ֆիլմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը, ֆիլմի ռեժիսոր Կարոլինա Կարագյոզյանը, նշել է, որ այն պատմում է Հայոց ցեղասպանության հետեւանքների մասին:
«Այսօր էլ՝ 100 տարի անց, Հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ անպատիժ, իսկ այն իրականացնողները ժխտում են իրենց հանցագործությունը: Այսօր արդեն թուրքական պետությունն այդ ժխտումն իրականացնում է իր ռազմավարական գործընկեր Ադրբեջանի օգնությամբ»,- նշել է նա:
Կինոփառատոնի կազմակերպիչներից Վերա Յարախն էլ կարեւորել է, որ կինոփառատոնի ժամանակ խոսվում է Հայոց ցեղասպանության մասին:
«Focus onArmenia» ֆիլմի ցուցադրությամբ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն փաստին, որ մարդկության դեմ հանցագործություններ իրականացնողները շարունակում են մնալ անպատիժ»,- ասել է նա: