Տարածաշրջանային

Ստամբուլում հարգել են Հայոց ցեղասպանության ժամանակ կախաղան բարձրացված հայ սոցիալիստների հիշատակը

2 րոպեի ընթերցում

Ստամբուլում հարգել են Հայոց ցեղասպանության ժամանակ կախաղան բարձրացված հայ սոցիալիստների հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի հայերի կողմից հիմնված «Նոր Զարթոնք» նախաձեռնության անդամները Էդիրնեքափըի հայկական գերեզմանատան մոտ հարգանքի տուրք են մատուցել 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված սոցիալիստ գործիչ Մաթեոս Սարգսյանի (Փարամազ) և 19 այլ հեղափոխական գործիչների հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական marksist.org-ը:

Հավաքվածները հիշել են, թե ինչպես հունիսի 14-15-ը Ստամբուլի Բայազետ հրապարակում հայ գործիչները կախաղան բարձրացվեցին: «Պետությունն այդ օրվանից մինչ օրս ընդհանրապես չի փոխվել: Ինչպես դատեցին Փարամազին և նրա ընկերներին, այնպես էլ 301-րդ հոդվածով դատեցին Հրանտ Դինքին և դատապարտեցին մահվան: Պետական դատարանը որոշում կայացրեց, որ Սևակ Բալըքչըն «դժբախտ պատահարի պատճառով» է զոհվել, իսկ Սամաթիայում հարձակման ենթարկված հայ կանանց և գազանաբար սպանված Մարիցա Քյուչուքի գործը դեռ չի բացահայտվել, շարունակվում է հայերին սպանողներին պարգևատրելու գործընթացը»,- նշել է «Նոր զարթոնք»-ի անունից հայտարարություն արած Սայաթ Թեքիրը` նշելով, որ մեր օրերում շարունակվում են հարձակումները հայկական մշակութային ժառանգության վրա:

Հիշատակելով մահվանից առաջ ընկերներին ուղղված Փարամազի հետևյալ խոսքերը. «Ընկերներ, դեպի մահը գնալու ենք անվախ, գլուխներս բարձր պահած», Թեքիրը նշել է, որ հայ սոցիալիստների հիշատակը շարունակելու վառ պահել են իրենց պայքարով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում