Թուրքիան ճգնաժամերի երկարատև շրջափուլի սկզբում է

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի 25-րդ խորհրդարանական ընտրությունները շրջադարձային նշանակություն ունեցան երկրի քաղաքական կյանքում՝ երկրում ստեղծելով մի իրավիճակ, որից ելքը գտնելու համար քաղաքական ուժերը թերևս երկար պետք է գլուխ կոտրեն: Ընտրություններում դե յուրե հաղթած իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցությունը դե ֆակտո տանուլ տվեց՝ կորցնելով խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմելու հնարավորությունը: Թուրքիայի քաղաքական ասպարեզում հայտնվելուց և իշխանության ղեկը ստանձնելուց հետո առաջին անգամ ԱԶԿ-ն զրկվեց երկիրը միանձնյա կառավարելու և բոլոր կարևոր որոշումները միայնակ ընդունելու հնարավորությունից: Չկարողանալով ստանալ մեջլիսի 550 պատգամավորական մանդատների կեսից ավելին՝ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ղեկավարած կուսակցությունը ներկայում կանգնած է նախընտրական շեմը հաղթահարած մյուս կուսակցություններից որևէ մեկի հետ կոալիցիա կազմելու բարդ խնդրի առաջ: Խնդիրն ավելի է բարդանում՝ հաշվի առնելով կուսակցությունների գաղափարական տարբերությունները, սակայն փաստ է այն, որ կոալիցիոն կառավարություն կազմելու գործի ձախողման պարագայում 45 օր անց վաղաժամ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարց կառաջանա: Մինչդեռ տվյալ սցենարը, ինչպես հայտարարել են կուսակցությունների ղեկավարները, ձեռնտու չէ կողմերից և ոչ մեկին:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեջլիսում հայտնված երկու ավանդական՝ Հանրապետական ժողովրդական (ՀԺԿ) և «Ազգայնական շարժում» (ԱՇԿ) կուսակցությունների կողքին առաջին անգամ ընտրապայքարը հաջողությամբ ավարտեց և Թուրքիայի Ազգային մեծ ժողով մտավ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ): Եթե մյուս երկու քաղաքական ուժերի ստացած ձայները գրեթե կրկնում էին նախկինում դրանց գրանցած արդյունքները կամ շատ քիչ էին դրանցից տարբերվում, ապա ԺԴԿ-ի կողմից ձայների շուրջ 13 տոկոս ստանալը շատերի համար էր անակնկալ՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ընտրություններից առաջ փորձագետները խոսում էին կուսակցության կողմից ընտրական շեմը հազիվ հաղթահարելու մասին:

Թուրքիայի քաղաքական դաշտի ընդդիմադիր ոլորտը զբաղեցնող այս կուսակցություններն ի սկզբանե հայտարարեցին, որ բացառում են կոալիցիոն կառավարություն կազմելու գործում համագործակցությունն իշխող ԱԶԿ-ի հետ, թեպետ ընտրություններին հաջորդած օրերի ընթացքում տեղի ունեցող ետնաբեմային զարգացումները խոսում են հակառակի մասին: Այդուհանդերձ, ներկայում մեջլիս անցած քաղաքական 4 ուժերն ունեն լուրջ գաղափարական տարաձայնություններ, որոնք ավելի խրթին են դարձնում կուսակցությունների միջև համագործակցությունը կոալիցիայի շրջանակներում:

Երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ քեմալական ՀԺԿ-ն, գաղափարապես ամբողջովին տարբերվում է ԱԶԿ-ից: Եթե Դավութօղլուի կուսակցությունն իր քաղաքականության մեջ մեծ տեղ է հատկացնում իսլամական հավատին, ապա քեմալականները շարունակում են մնալ երկրի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հռչակած սկզբունքների ջատագովը, որոնցից կարևորագույններից է աշխարհիկության սկզբունքը: Բացի այդ, ընդդիմադիր ՀԺԿ-ի կառավարման օրոք Թուրքիայի Հանրապետությունում մշտապես ուժեղ է եղել զինվորականության ինստիտուտը, մինչդեռ ԱԶԿ-ն արել և անում է ամեն բան զինվորականության խավին երկրի քաղաքական ասպարեզից հնարավորինս հեռու պահելու համար՝ ապահովագրելով իրեն հետագա ռազմական միջամտությունից և դրա արդյունքում իշխանության կորստից: Գաղափարական նման տարաձայնությունները դժվարին են դարձնում ԱԶԿ-ՀԺԿ համագործակցությունը:

Քրդական ԺԴԿ-ի հետ ԱԶԿ-ի կոալիցիոն կառավարության ստեղծումը ևս դժվար գործ է՝ հաշվի առնելով իշխող կուսակցության և դրա ջատագովը համարվող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերմունքը քրդական հարցի նկատմամբ: Եթե ԱԶԿ-ի՝ իշխանության գալու առաջին տարիներին քրդաբնակ տարածքների բնակչության մեծ մասը վստահում էր այդ քաղաքական ուժին, ապա դեպքերի այս շրջափուլում իրավիճակն ամբողջովին այլ է: Քրդերի իրավունքների և նրանց խնդիրների անտեսումը, ինչպես նաև թուրք-քրդական հաշտեցման գործընթացի ձգձգումն իշխանությունների կողմից կարևոր դրդապատճառներ էին, որպեսզի թուրքաբնակ քրդերը երես թեքեն Էրդողանից և նրա կուսակցությունից: Պատահական չէ, որ ԺԴԿ նախագահ Սելահաթթին Դեմիրթաշն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ հրաժարվում է կոալիցիա կազմելու հարցում բանակցել ԱԶԿ-ի հետ:

Ինչ վերաբերում է ազգայնական ԱՇԿ-ի հետ համագործակցությանը, ապա հաշվի առնելով կոալիցիա կազմելու համար կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի ներկայացրած պահանջները, դժվար է պատկերացնել, որ ԱԶԿ-ն կարող է գնալ նման զիջումների: Այդ պահանջները հետևյալն են՝ Էրդողանի նախագահական լիազորությունների սահմանափակումը, թուրք-քրդական հաշտեցման գործընթացի դադարեցումը և «Մեծ կաշառք» գործով մեղավորների պարզումն ու պատժումը: Ու քանի որ վերոնշյալ նախապայմաններից առնվազն երկուսն ուղղված են անձամբ Էրդողանի դեմ, ապա ակնհայտ է դառնում, որ ԱԶԿ-ԱՇԿ համագործակցությունը ևս դժվար իրականանալի է թվում:

Չնայած այս կանխատեսումներին, այդուհանդերձ Անկարայի քաղաքական կուլիսներում բանակցություններն ու քննարկումները շարունակվում են: Չի բացառվում, որ երկրում արտահերթ ընտրությունները բացառելու նպատակով կուսակցություններն ի վերջո կկարողանան գտնել ընդհանուր եզրեր, որոնց շուրջ համաձայնության գալով կկազմեն կոալիցիոն կառավարություն: Թե որոնք կլինեն կոալիցիա կազմող այդ քաղաքական ուժերը, թերևս բարդ է կանխորոշել: Առայժմ ամենահավանական կոալիցիան համարվում է ԱԶԿ-ՀԺԿ համագործակցությունը: Պատահական չէ, որ Էրդողանը օրերս նախաձեռնել էր կուսակցության նախկին ղեկավար Դենիզ Բայկալի հետ մի հանդիպում, որը շատ վերլուծաբաններ որակեցին որպես ԱԶԿ-ՀԺԿ համագործակցության առաջին քայլ: Թեպետ քեմալականները որպես նման համագործակցության նախապայման են առաջարկում վարչապետի, մեջլիսի նախագահի, կարևորագույն նախարարությունների ղեկավարների պորտֆելներն իրենց հանձնելը, այդուհանդերձ դժվար է հավատալ, որ Դավութօղլուն կհամաձայնի միանգամից գնալ նման զանգվածային զիջումների: Քննարկվող սցենարներից առավել հավանականը թերևս այն է, որ ԱԶԿ-ն կարող է քեմալակականներին զիջել մեջլիսի նախագահի, ինչպես նաև մի քանի նախարարությունների պորտֆելներ՝ վարչապետի պաշտոնը պահելով իր ձեռքում:

Այդուհանդերձ, հաշվի առնելով այն, որ Թուրքիայում կոալիցիոն կառավարությունները մշտապես երկրում տևական քաղաքական ճգնաժամի պատճառ են դարձել, ապա պետք է ենթադրել, որ առաջիկա տարիներին ևս երկիրը չի կարողանա դուրս գալ քաղաքական անկայունությունից և կընկղմվի ճգնաժամերի երկարատև շրջանի մեջ, որը հղի կլինի բացասահական հետևանքներով:

Արաքս Կասյան

Հայերեն

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է