Պաշտոնական

Հայաստանի իշխանությունները հետամուտ են բարեփոխումների խորացմանը. Սերժ Սարգսյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի իշխանությունները հետամուտ են բարեփոխումների խորացմանը. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն հունիսի 11-ին ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ընդգծելով, որ փաստահավաք առաքելության շրջանակներում այս հանդիպումներն արդեն ավանդույթ են դարձել, Հանրապետության Նախագահը նշել է, որ դրանք հնարավորություն են ընձեռում քննարկել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ բազմոլորտ համագործակցությունը, ինչպես նաև անդրադառնալ ԵԽԽՎ օրակարգում ընդգրկված հարցերին, այդ թվում՝ Հայաստանին առնչվող:

Սերժ Սարգսյանը նշել է, թե ծանոթ է նախորդ այցի ընթացքում ԵԽԽՎ համազեկուցողների հրապարակած զեկույցի բովանդակությանը և ողջունելի է համարել, որ այն արձանագրել է ՀՀ հանձնառությունը՝ շարունակական բարեփոխումներ իրականացնելու մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտներում:

Այս ամենով հանդերձ, ըստ Նախագահի, Հայաստանը դեռ շատ անելիքներ ունի, և մեր երկրի իշխանությունները հետամուտ են բարեփոխումները խորացնելու՝ համոզվածությամբ, որ դա է ժամանակակից իրավական պետության կառուցման միակ ճիշտ ուղին: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի համագործակցությունը միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի հետ, ընդգծելով ԵԽ կարևոր ներդրումը Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին: Հանրապետության Նախագահը նշել է, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավական պետության սկզբունքների խորացման ուղղությամբ վերջին տարիներին Հայաստանում իրականացված բարեփոխումները եղել են հետևողական:

ԵԽԽՎ համազեկուցողները շնորհակալություն են հայտնել Նախագահին՝ ընդունելության համար և նշել, որ այցի շրջանակներում Հայաստանում հասցրել են մի շարք այլ հանդիպումներ ունենալ տարբեր քաղաքական գործիչների, գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ, ուսումնասիրել պետական տարբեր մարմիններում ժողովրդավարության չափանիշներին համահունչ իրականացվող աշխատանքների ընթացքը և բավարարված են այս ընթացքում արձանագրված այն աշխատանքներով, ինչ արվում է Հայաստանում և Հայաստանի համար: Վերոնշյալ հանդիպումների ընթացքում քննարկված հարցերից մեկը, ըստ նրանց, եղել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների իրականացման հարցը: Համազեկուցողներն ընդգծել են, որ չափազանց կարևոր է այդ բարեփոխումների գործընթացի թափանցիկությունը, կարևոր է նաև երկրում ԶԼՄ-ների ազատության առկայությունը:

Համազեկուցողները նշել են, որ իրենց կողմից պատրաստվող զեկույցի նպատակը՝ Հայաստանին օգտակար լինելն է, և միջանկյալ զեկույցի պատրաստման այս փուլում, նրանց խոսքով, չկան լուրջ մտահոգություններ առաջացնող խնդիրներ:

Հանդիպմանը ՀՀ Նախագահը և ԵԽԽՎ համազեկուցողներն անդրադարձել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում