Տարածաշրջանային

Աբդուլլահ Գյուլը կոչ է արել հարգել ժողովրդի կամքը

2 րոպեի ընթերցում

Աբդուլլահ Գյուլը կոչ է արել հարգել ժողովրդի կամքը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլն անդրադարձել է երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին և դրանց գրանցած արդյունքներին` կոչ անելով բոլորին հարգանք ցուցաբերել ժողովրդի կամքի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գյուլը թուրքական «Հուրիեթ» պարբերականի հետ զրույցում նշել է, որ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո դեռևս չի խոսել «Արդարություն և զարգացում» կուսակցության իր նախկին կուսակիցների հետ:

«Ընտրությունների արդյունքները պետք է քննարկել առանց խուճապի, սթափ վիճակում: Ի վերջո բազմակուսակցական համակարգում ենք ապրում, և նման արդյունքներ ամեն պահի կարող են լինել: Անհրաժեշտ է փորձել համատեղ ստեղծել կառավարություն: Ընտրությունը հեշտ բան չէ: Երկիրը ղեկավարելու հարցում պետք է առաջնորդվել մոր` երեխայի նկատմամբ ունեցած մոտեցմամբ: Այսինքն երկրի մոր նման… Հասուն ձևով»,- ասել է նախկի նախագահը:

Թուրքիայի խորհրդարանական 25-րդ ընտրությունների արդյունքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ձայների 40,85 տոկոսը (258 պատգամավոր)` նախորդ ընտրությունների 49,83 տոկոսի փոխարեն: Իշխանության ղեկին լինելու 13 տարուց հետո առաջին անգամ ԱԶԿ-ն կորցրել է միակուսակցական կառավարություն կազմելու, ինչպես նաև իր ուժերով սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հնարավորությունը: Այժմ անհրաժեշտ է, որ այն կոալիցիոն կառավարություն կազմի ընտված կուսակցություններից որևէ մեկի հետ:

Քվեատուփերի 99,98 տոկոսի արդյունքներով Հանրապետական ժողովրդական կուսակցությունը ստացել է ձայների 24,96 տոկոսը (132 պատգամավոր), «Ազգայնական շարժում» կուսակցությունը` 16,28 տոկոսը (80 պատգամավոր) և քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը` 13,11 տոկոսը (80 պատգամավոր): Ընտրություններին երկրի ներսում մասնակցել է ընտրելու հնարավորություն ունեցող քաղաքացիների 86,62 տոկոսը: Անվավեր է ճանաչվել ավելի քան մեկ միլիոն քվեաթերթիկ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում