Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում կայացել է Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Թյուրինգիա երկրամասի մայրաքաղաք Էրֆուրտի քաղաքապետարանի պատմական սրահում հունիսի 1-ին տեղի է ունեցել «Հայաստան. երկիր Եվրոպայի սահմանագծում» խորագրով միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառումը կազմակերպվել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Թյուրինգիայի մասնաճյուղի, Հայ-գերմանական ընկերակցության և Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
Միջոցառմանը ներկա են եղել երկրամասի խորհրդարանի և կառավարության անդամներ, քաղաքային իշխանությունների պաշտոնյաներ, գիտական և հասարակական շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ: Ներկաներին ողջույնի խոսքով դիմել են Թյուրինգիայի փոխվարչապետ Հայկե Թաուբերտը և Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Այնուհետև զեկույցով է հանդես եկել Հայ-գերմանական ընկերակցության նախագահ Րաֆֆի Կանտյանը:
Հայազգի երաժիշտներ Զառա և Արտաշես Ստամբոլցյանները, ինչպես նաև գերմանացի երգչուհի Վիկտորիա Քարը ներկաների համար կատարել են հայ և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործությունները: