Հայոց ցեղասպանություն

Մարսելի քաղաքապետարանի շենքի ճակատին բացվել է Ցեղասպանության տարելիցին նվիրված պաստառ

2 րոպեի ընթերցում

Մարսելի քաղաքապետարանի շենքի ճակատին բացվել է Ցեղասպանության տարելիցին նվիրված պաստառ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում հունիսի 4-ին տեղի է ունեցել Մարսելի 9-10 քաղաքապետարանի («Սպտիակ տուն»` «Maison Blanche») շենքի ճակատային մասում ամրացված «1915-2015. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» մակագրությամբ պաստառի հանդիսավոր բացման արարողությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմաը ներկա են եղել Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը, Մարսել-Պրովանս-Մետրոպոլ համայնքի նախագահ, պատգամավոր Գի Տեսիեն, Մարսելի 9-10 քաղաքապետարանի քաղաքապետ Լիոնել Ռուայե-Պերոն, Մարսելի 11-12 քաղաքապետարանի քաղաքապետ, պատգամավոր Վալերի Բուայեն, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, փոխքաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսիական և հայկական կազմակերպությունների նախագահներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Միջոցառումը սկսվել է Մարսելի Համազգային դպրոցի երգչախմբի «Քեզ համար, Հայաստա՛ն» երգի կատարումով: Բանախոսներն իրենց ելույթներում կարևորել են Հայոց ցեղասպանության ոգեկոչումը, 100-րդ տարելիցի խորհուրդը և նշանակությունը հայ ժողովրդի և միջազգային հանրության համար` արժևորելով Շառլ Ազնավուրի` մեծ հայի և ֆրանսիացու մասնակցությունը և անգնահատելի նվիրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Քաղաքապետ Լիոնել Ռուայե-Պերոն Շառլ Ազնավուրին շնորհել է Մարսելի 9-10 քաղաքապետարանի պատվավոր քաղաքացու հուշամեդալ: Այնուհետև տեղի է ունեցել «Սպիտակ տան» այգում տնկված 300-ամյա ձիթենու, որպես խաղաղության խորհրդանիշ, «100-րդ տարելիցի ձիթենի` Շառլ Ազնավուրի կողմից» մակագրությամբ ցուցանակի բացումը:

Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է ֆրանսիական մամուլում: Քաղաքապետարանում Հայաստանին նվիրված միջոցառումների շարքը կշարունակվի ևս 10 օր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում