ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն աշխարհի հնագույն և զարմանահրաշ երկրներից է, որտեղ ավարտվում է Եվրոպան և սկսվում Արևելքը, կամ հակառակը: Դա չէ կարևորը: Որպես զբոսաշրջային երկիր շատերի համար դեռևս անծանոթ է Հայաստանը: Ոմանք գիտեն միայն, որ հայերի սուրբ լեռը Արարատն է, իսկ կոնյակը` նրանց անփոխարինելի խմիչքը: Որոշներն էլ գուցե կարդացել են, որ այն Քրիստոնեությունը պետականորեն ճանաչած առաջին երկիրն է:
Սակայն քչերին է հայտնի, որ կովկասյան այս փոքրիկ երկրում են գտնվում գինու ամենահին արտադրամասը, կիսաշրջազգեստն ու կոշիկը, որն ավելի հին է, քան եգիպտական բուրգերը: Եվ դա դեռ ամենը չէ: Զբոսաշրջիկներին Հայաստանը ներկայանում է շուրջ 4000 պատմական հուշարձաններով, բնության աննկարագրելի տեսարաններով, ազգային յուրօրինակ խոհանոցով:
«Արմենպրես» լրատվական գործակալությունն առանձնացրել է 10 հետաքրքիր տարբերակ`ինչպես կարելի է ամառային հանգիստն անցկացնել Հայաստանում և միևնույն ժամանակ բացահայտել աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը:
1.Նվաճելով գագաթները:
Իզուր չէ, որ Հայաստանը հաճախ անվանում են «լեռնային կղզի»: Գագաթներն այստեղ շատ են և հաճախ` անմատչելի: Ժայռամագլցման կամ լեռնային արշավների համար հարկավոր է ընդհամենը մի քանի կիլոմետր հեռանալ մայրաքաղաք Երևանից, իսկ ավելի խիզախներին սպասում են Սյունյաց լեռները: Գալով Հայաստան՝ կարելի է արշավներ կազմակերպել դեպի Արագած, Կապուտջուղ, Աժդահակ, Ծաղկունյաց և Արայի լեռները, լինել Խուստուփում և Թրասարում։
2. Բնությանը ներդաշնակ:
Եթե արկածների սիրահար չեք, կա այլընտրանք: Հայաստանի հարուստ բուսական աշխարհում կարելի է լիակատար հանգիստ վայելել: Այստեղ հանքային աղբյուրները բազմաթիվ են, իսկ գյուղական հանգստավայրերում կարելի է փորձել անարատ մթերքներ, թարմ մրգեր և կաթնամթերք: Գյուղական տուրիզմն ավելի զարգացած է Դիլիջանում, Սեւանում, Գորիսում, Տաթևում և շրջակա համայքներում, Գյումրիում, Մեղրիում, Սիսիանում, Հաղպատում։
3.Բացահայտել և զարմանալ:
Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Այստեղ պետք չէ վճարել Գառնիի հեթանոսական հնագույն տաճարը տեսնելու կամ Ամբերդի հնադարյա ամրոցում քայլելու համար: Իսկ եթե որոշել եք մոտիկից ծանոթանալ բազմադարյա իրերին, մագաղաթներին ու ձեռագրերին, ապա չեք վճարի ավելին, քան եվրոպական միջին երկրում: Այստեղ կարելի է ծանոթանալ Էրեբունի քաղաք-ամրոցին, որը կառուցվել է Հռոմից 3 տասնամյակ առաջ, կամ այցելել Սարդարապատ ու տեսնել աշխարհի ամենագեղեցիկ կամարներից մեկը։
4.Վերագտնել հոգևորը:
Առաջին քրիստոնյա երկրում եկեղեցիներն ու մատուռներն անհաշվելի են: Համեստ պատերի ներքո միշտ կիսախավար է և լուռ: Սրբատեղիներ հասնելու համար հաճախ հարկավոր է տասնյակ կիլոմետրեր հեռանալ բնակելի տարածքներից և բարձրանալ ժայռերի գագաթները: Հայաստանում հեշտ է վերագտնել հոգևորը: Ուղտագնացությունը դեպի Տաթև, Սանահին, Հաղպատ, Հաղարծին, Սևանավանք, ինչպես նաև սուրբ քաղաք Էջմիածին, կարող է դառնալ անմոռանալի։
5.Պատմության արահետներով…
Հայաստանում մինչ օրս պեղումներ են իրականացվում: Հին աշխարհի բնօրրաններից մեկում պատմական վկայությունները շատ են: Հնագետների կողմից հայտնաբերված եզակի գտածոները հաստատում են, որ Հայաստանը մետաղագործության, ոսկերչության, գինեգործության ու ձիաբուծության հայրենիքն է: Արարատյան դաշտում կարող եք ականատես լինել Մեծամորի` Բրոնզե և Երկաթե դարերի գտածոներին, որոնք Հայաստանի վաղ քաղաքակրթության խորհրդանիշեր են: Առանձնապես արժեքավոր են Լճաշենի, Շենգավիթի, Էրեբունիի, Մեծամորի, Գառնիի, Դվինի, Ամբերդի և այլ շատ ու շատ հնավայրեր։
6…դեպի ապագա:
Այստեղ մեծ արագությամբ զարգանում են նորարարությունը և տեղեկատվական տեխնոլոգիաները: Ռոբոտաշինությունը դասավանդվում է դպրոցներում, իսկ ուսանողները մրցում են անօդաչու թռչող սարքերով: Նորարարական տարբեր կենտրոններում կարելի է ծանոթանալ հայ մասնագետների ստեղծած բարձր տեխնոլոգիաներին և ինչու ոչ` ներբեռնել հայկական մոբայլ հավելվածները: Օրինակ կարելի է այցելություն կազմկերպել Մայքրոսոֆթի ինովացիոն կենտրոն, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Սինոփսիսի հայստանյան մասնաճյուղ, Դիլիջանի միջազգային դպրոց և շատ այլ նորարար կենտրոններ։
7.Քաղցա՞ծ եք:
Եթե դեռևս չեք որոշել` ինչու այցելել Հայաստան, ապա, ամենայն հավանականությամբ, ծանոթ չեք խոհանոցին: Հայկական խոհանոցն այնքան հին է, որքան Հայաստանի պատմությունը: Այստեղ պետք չէ մեծ գումարներ ծախսել` օրգանական սնունդ գնելու համար: Ընթրիքին կարելի է գնել մեկ շիշ անապակ գինի, իսկ հայկական կոնյակը ձեզ կհյուրասիրեն ցանկացած հայ ընտանիքում: Մայրաքաղաքում և երկրի մյուս քաղաքներում շատ են ռեստորանները, որտեղ կարելի է համեղ սնվել, սակայն Հայաստանում ընդունված է նաև բացօթյա հանգստյան գոտիներում փոքրիկ խրախճանք կազմակերպելը։
8.Սպորտային հանգիստ:
Հայկական շախմատի մասին տեղյակ են շատերը: Այստեղ շախմատ են խաղում գրեթե յուրաքանչյուր շենքի բակում։ Սակայն ակտիվ հանգիստ անցկացնելու համար դա բավարար չէ, հետևաբար կարելի է մտածել հեծանվավազք կազմակերպելու կամ Սևանա լճում նավավարելու մասին։ Ամռանը Սևանա լճում կազմակերպվում է նաև սիրողական դայվինգ։ Մայրաքաղաք Երևանում ստեղծված են պայմաններ ձիավարության համար։ Իսկ սպորտայինն իրադարձության կենտրոնում հայտնվելու համար կարելի է այս ամռանը մասնակցել Համահայկական ամառային խաղերին:
9.Ամրապնդել առողջությունը:
Հայաստանը վերջին տարիներին մեծ թվով «բժշկական» տուրիստների է գրավում: Արտասահմանցիները մեր երկիր են գալիս՝ պլաստիկ, ինչպես նաեւ սրտի բարդ վիրահատություններ իրականացնելու նպատակով: Իսկ առողջությունն ամրապնդելու համար կան առողջարաններ և բուժիչ լողավազաններ: Առողջարաններում բուժվում են սիրտ-անոթային, ստամոքս-աղիքային, նյարդային, երիկամային, գինեկոլոգիական, շնչառական և շաքարային դիաբետ հիվանդությունները: Դրանք հատկապես կենտրոնցաված են Ջերմուկ, Արզնի, Հանքավան, Աղվերան, Սևան, Ծաղկաձոր և Դիլիջան քաղաքներում։
10.Ազատ ընտրություն:
Հայաստան այցելելու համար հարկավոր չէ երկար ծրագրեր կազմել: Այստեղ կարելի է ազատորեն տնօրինել ժամանակը և անվտանգ շրջել ողջ երկրով: Ամռան ամիսներին հնարավոր է գնալ արշավների, ձիավարել կամ այցելել լողավազան, անցնել աշխարհի ամենաերկար ճոպանուղով և մտնել հնադարյա քարանձավները: Հատկապես հետաքրքիր են Մոզրովի, Մագիլի, Արջերի, Լաստիվերի, Յոթ հորերի, ինչես նաև Կանաչ և Կարմիր անունները կրող քարանձավները։ Եթե այդքանը բավարար չէ, մասնակցեք փառատոններին և ծանոթացեք հայերի հետ: Վերջիվերջո, Հայաստանը հնարավորություններիր երկիր է:
Պատրաստեց Գոհար Ավետիսյանը