Տարածաշրջանային

Թուրքիայի ղեկավարները նախընտրական քարոզարշավում հակահայկական կարգախոսներ են հնչեցնում

4 րոպեի ընթերցում

Թուրքիայի ղեկավարները նախընտրական քարոզարշավում հակահայկական կարգախոսներ են հնչեցնում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ղեկավարները հունիսի 7-ին այդ երկրում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի հանրահավաքներում շարունակում են հակահայկական կարգախոսներ հնչեցնել եւ մեղադրել ընդդիմությանը հայերի հետ իբր հանագործակցելու մեջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, Թուրքիայի վարչապետ եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Ահմեթ Դավութօղլուն Բաթմանում անցկացված հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ հայկական սփյուռքը ընտրությունների ընթացքում աջակցություն է հայտնել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (ԺԴԿ):

Ելույթը սկսելով` «Ասա` ով է ընկերդ, ասեմ` ով ես դու» հայտնի ասացվածքով, Դավութօղլուն շարունակել է. «Քրդին, թուրքին, արաբին կարո՞ղ է օգուտ լինել մեկից, ում ընկերը հայկական սփյուռքն է: Միթե զուգահեռ կառույցից (գյուլենականներից, որոնց թուրքական իշխանությունները թշնամի են համարում իրենց) աջակցություն ակնկալող ԺԴԿ-ից կարող է օգուտ լինել ժողովրդին»: Նա ասել է, որ ընդդիմադիր Ազգայնական շարժում, Ժողովրդահանրապետական եւ ԺԴ կուսակցությունները, Քրդստանի աշխատավորական կուսակցության` Հյուսիսային Իրաքում կենտրոն Քանդիլը, հայկական լոբբին եւ միջազգային ԶԼՄ-ները միավորվել են` ԱԶԿ-ին հարվածելու համար:

Օրեր առաջ Եվրոպայի հայկական ֆեդերացիան (EAFJD) Թուրքիայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում աջակցություն էր հայտնել քրդական կուսակցությանը` Եվրոպայում բնակվող Թուրքիայի քաղաքացիներին կոչ անելով քվերակել ԺԴԿ-ի օգտին:

ԱԶԿ-ի նախընտրական քարոզարշավի շրջանակում մայիսի 25-ին Ուրֆայում կազմակերպված հանրահավաքի ելույթում Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով թուրք-քրդական բախումներին եւ ակնարկելով ընդդիմությանը, հանդես էր եկել զավեշտալի հայտարարությամբ` ասելով, թե «որոշ քաղաքական ուժեր Թուրքիան մասնատելու նպատակով համագործակցում են հայկական սփյուռքի հետ» (աղբյուրը՝Rudaw):

«Հոկտեմբերի 6-8-ի դեպքերի ժամանակ նրանք մարդկանց հանեցին փողոց եւ 50 մարդ զոհվեց: Չաղլայանի դատարանում դատախազ սպանվեց: Նրանք աշխատում են թուրք ազգին սպառնացող կազմակերպության` գյուլենականների հետ: Նրանց միակ նպատակը այս երկրին ու ազգին թշնամի հանդիսացող հայկական լոբբիստական ուժերի հետ համագործակցելն է», -ասել էր Էրդողանը:

Նման զավեշտալի հայտարարությամբ է հանդես էր եկել նաեւ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն` ընդդիմադիր քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սալահեթդին Դեմիրթաշին մեղադրելով հայկական սփյուռքի հետ «առեւտուր» անելու մեջ:

Նա ասել էր, որ Թուրքիայում քրդական հարցի կարգավորումը սադրելու համար Դեմիրթաշն, իբր, «առեւտուր» է արել հայերի հետ:

Փորձագետները Թուրքիայում քրդական խնդրի լուծման ձգձգումը կապում են հենց թուրքական իշխանությունների հետ, որոնք ընտրություններից առաջ փորձում են նվազեցնել ընտրական շեմը հաղթահարելու մեծ հնարավորություն ունեցող ԴՀԿ-ի վարկանիշը` տարբեր միջոցներով սադրանքներ կազմակերպելով կուսակցության եւ նրա առաջնորդների դեմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում