Կարծիքներ

Ռիգայի գագաթնաժողովը ցույց տվեց, որ Հայաստանի մոտեցումներն ընդունելի են Եվրամիության համար. քաղաքագետ

3 րոպեի ընթերցում

Ռիգայի գագաթնաժողովը ցույց տվեց, որ Հայաստանի մոտեցումներն ընդունելի են Եվրամիության համար. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը Հայաստանի համար նշանակալի էր մի քանի առումներով, սակայն ամենամեծ հաջողությունն այն է, որ գագաթնաժողովի ընթացքում ԵՄ-ը ցույց տվեց, որ իր համար ընդունելի են Հայաստանի մոտեցումները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` անդրադառնալով Ռիգայի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցությանը:

Քաղաքագետի խոսքով` կարևոր էր այն, որ գագաթնաժողովին հայտարարվեց Հայաստան-Եվրամիություն նոր իրավական փաստաթղթի պատրաստման մասին: «Այս փաստաթուղթը հետագայում պետք է հավանություն ստանա բոլոր անդամ երկրների կողմից, այսինքն, իրավական առումով, դա գրեթե նույն ձևաչափն է, ինչ Ասոցացման պայմանագիրն էր: Բայց այս փաստաթուղթը ներառելու է այն հանգամանքը, որ Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ: Այդ առումով սա մեծ հաջողություն է Հայաստանի համար, որովհետև այն մոտեցումը, որ առաջարկում է Հայաստանը, լիովին ընդունելի է Եվրամիության համար»,- ասաց Մինասյանը:

Սերգեյ Մինասյանի կարծիքով` Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևոր ազդակ էր Վիզաների դյուրացման գործընթացում Հայաստանի գրանցած հաջողությունը: «Գագաթնաժողովի ընթացքում նշվեց, որ վիզաների դյուրացման գործընթացում Հայաստանն առաջխաղացում ունի և մտնում է նոր փուլ: Հայաստանն ընդամենը կես քայլով է հետ մնում Ասոցացման պայմանագիր ստորագրած Վրաստանից կամ Ուկրաինայից: Կարծում եմ, եթե չլինեն ֆորսմաժորային իրավիճակներ, մենք երկու տարվա ընթացքում կունենանք նույն հնարավորությունը»,- ընդգծեց նա:

Քաղաքագետը խոսեց նաև ադրբեջանական կողմի ընդվզման մասին` կապված Մինսկի խմբի աշխատանքների հետ: «Ադրբեջանի այդ վարքագիծն ավելի շահավետ դարձավ Հայաստանի համար, քանի որ Հայաստանը ցույց տվեց, որ իր մոտեցումները համընկնում են Մինսկի խմբի և Եվրամիության մոտեցումներին` ի տարբերություն Ադրբեջանի, որը բոյկոտեց առաջարկվող փաստաթուղթը»,- նշեց Մինասյանը:

Քաղաքագետի կարծիքով` այս գագաթնաժողովի ժամանակ չկային կետեր, որ շահավետ չլինեին Հայաստանի համար: «Միայն Ղրիմի հետ կապված կար մոտեցումների տարբերություն, բայց Հայաստանը ներկայացրեց իր դիրքորոշումը և գագաթնաժողովի հռչակագրում էլ բավական հմուտ ձևով ձևակերպում տրվեց հարցին»,- նկատեց քաղաքագետը: Նա հավելեց, որ ինչ-որ առումով կարելի է ենթադրել, թե Հայաստանի համար Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներն ավելի նպաստավոր էին, քան, օրինակ, ակնկալում էին Վրաստանը և Ուկրաինան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում