ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մայիսի 14-15-ը կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մայիսի 13-ին հանդիպում է ունեցել Ռումինիայի կրթության և գիտական հետազոտությունների նախարար Սորին Միհայ Չիմպեանոյի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով իր գործընկերոջը, նշել է, որ Հայաստանը երեք տարի առաջ Բոլոնիայի քարտուղարության ղեկավարման էստաֆետն ընդունել է Ռումինիայից և ռումինական փորձը օգտակար է եղել Հայաստանի համար:
Արմեն Աշոտյանն իր խոսքում կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացումը, մասնավորապես, ընդգծելով տեղեկատվական տեխնոլոգիաների և աստվածաբանության ոլորտում միջբուհական և գիտական համագործակցության ծրագրերի ընդլայնումը: ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ Ռումինիայի հայ համայնքը համարվում է Եվրոպայում հնագույններից մեկը, և Տրանսիլվանիայում առկա է հսկայածավալ մշակութային ժառանգություն, որն այսօր գիտական հետազոտությունների կարիք ունի: Նախարարը նաև շնորհակալությունն է հայտնել Ռումինիայի կառավարությանը` Բուխարեստի համալսարանում հայագիտության ամբիոնի վերականգնման և հայերենի դասավանդմանն աջակցելու համար: Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Ռումինիայի միջև գործող միջպետական կրթական համագործակցությանը, որի շրջանակում իրականացվող կրթաթոշակային փոխանակման ծրագրերը պահանջված են հայ ուսանողների կողմից: Արմեն Աշոտյանը կարևորել է նաև միջբուհական կապերի ակտիվ զարգացումը, որի համար կա կուտակված բավրարար և հաջողված փորձ:
Ռումինիայի կրթության և գիտական հետազոտությունների նախարար Սորին Միհայ Չիմպեանոն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` նշելով, որ իր համար մեծ պատիվ է գտնվել հինավուրց մշակույթ և պատմություն ունեցող Հայաստանում: Ռումինիայի նախարարը հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի հանրակրթական դպրոցներում «Շախմատ» առարկայի ներդրման վերաբերյալ: Արմեն Աշոտյանը պատրաստակամություն է հայտնել հայկական փորձը տրամադրել բոլոր հետաքրքրվող երկրներին: Միաժամանակ, կողմերն ընդգծել են համատեղ գիտահետազոտական նախագծերի իրագործման անհրաժեշտությունը: