Գերմանական Ռայնլանդ-Պֆալցի խորհրդարանը կոչ է արել ստաձնել պատասխանատվություն Հայոց ցեղասպանության հարցում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Ռայնլանդ-Պֆալց վարչական շրջանի խորհրդարանական խմբակցությունները համատեղ բանաձևի միջոցով հիշեցրել են Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ հայերի հետ կատարված ոճրագործությունները` հստակ անվանելով Ցեղասպանություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Die Welt պարբերականը:Խմբակցությունների խոսնակներն իրենց խոսքում նշել են. «Մեր հիմնական նպատակը պետք է լինի նպաստելը համերաշխությանը, փոխըմբռնմանն ու գիտակցմանը»: Նրանք հորդորել են Ռայնլանդ-Պֆալցի կառավարությանն առաջ քաշել նախաձեռնություններ և ծրագրեր 1915-1916 թվականներին դեպքերի և դրանցում գերմանական կողմի պատասխանատվության ստանձնման վերաբերյալ:
Թուրքիան` որպես Օսմանյան Կայսրության հետնորդ, հրաժարվում է վայրագությունը ճանաչել որպես Ցեղասպանություն: Գերմանական լրատվամիջոցները հիշեցնում են, որ երկրի նախագահ Յոահիմ Գաուկը ևս Առաջին աշխարհամարտի ժամանակ 1,5 միլիոն հայերի կոտորածները Ցեղասպանություն է անվանել:
Լուսանկարը` wikipedia