Դինքի ընտանիքը Ցեղասպանության շարունակություն է համարում Ստամբուլի հայկական որբանոցը քանդելը

5 րոպեի ընթերցում

Դինքի ընտանիքը Ցեղասպանության շարունակություն է համարում Ստամբուլի հայկական որբանոցը քանդելը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ որբերի կողմից կառուցված, Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող հայկական «Արմեն ճամբար» որբանոցի քանդման դեմ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Հրանտ Դինքի ընտանիքի անդամները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դինքի այրին` Ռաքել Դինքը, և Հրանտի եղբայրը` Երվանդ Դինքը, ովքեր, ինչպես և Հրանտը, մի քանի տարի են անցկացրել այս որբանոցում, կատարվածն «իսկական հանցագործություն» են անվանել:

«Պետությունը շարունակ հպարտանում է ժողովրդավարությամբ, իրավունքով: Թող այժմ նայեն, թե ինչպես են քանդում: Ճամբարի համար քանի տարի է, ինչ շարունակում ենք մեր պայքարը: Ստացվում է, որ այդ ամենը որևէ նշանակություն չունի: Գիտեմ, որ վատությանը պետք է պատասխանել լավությամբ: Այսպես ավելի պատվաբեր է... Սակայն գիտեմ նաև, թե ինչ գին պետք է վճարել այդ պատիվը պահել կարողանալու համար: 1915-ը ժխտեցին: Ճամբարը 2015-ին քանդում են, թող սա էլ ժխտեն: Ինչքա~ն հիշողության, քանի~ երեխայի աշխատանք կա այնտեղ: Մի՞թե ընդհանրապես խիղճ չի մնացել: Աշխատանքի նկատմամբ ոչ մի հարգանք չկա՞»,- իր հայտարարության մեջ նշել է Ռաքելը` ասելով, որ այն, ինչ այս պահին կատարվում է, սազական չէ մարդկությանը: «Ամուսնուս ամենամեծ, ամենաառաջնային ցանկություններից մեկն «Արմեն ճամբարը» ոտքի կանգնեցնելն էր... Այժմ հոգուս խորը վշտով եմ հետևում դրա քանդմանը»,- ասվում է Դինքի այրու հայտարարության մեջ:

Հրանտի եղբայրը` Երվանդը, որբանոցը քանդելու վերաբերյալ իր հայտարարության մեջ պատմել է, որ թեպետ դրանից ավելի վատ օրեր էլ են տեսել, այդուհանդերձ, կատարվող դեպքը խորապես հուզել է իրենց հոգին: «Մեր ճամբարը, մեր աչքի լույսը, մեր մանկական ջանքերով ոչնչից ստեղծած Ատլանտիդան բուլդոզերներով քանդում են, այն մաս-մաս են անում: Մեքենայի կռունկը վերուվար անելով մեր ճաշարանը, ննջասենյակները, խաղահրապարակը, ծաղիկները, նկարները փոշու և դումանի մեջ ոչնչանում են... Շատ դժվար է պատմել զգացմունքներիդ մասին... Իրականում մեր ամբողջ զայրույթը ինքներս մեզ վրա է: Մենք` հայերս, ինչ շուտ մոռացանք 1915-ին մեր ժողովրդի դեմ իրականացված Ցեղասպանությունը, ինչ արագ մոռացանք սեպտեմբերի 6-7-ի թալանը... Այսօրվա մեր ապրումներն ի՞նչ են, եթե ոչ 1915-ի շարունակությունը: Մեր ժողովուրդը մի գիշեր եկած հրամանով չթողե՞ց իր ողջ ունեցվածքը և անհայտ ճանապարհ չընկա՞վ: Ո՞րն է այսօրվա տարբերությունը»,- նշել է Երվանդը: Հիշեցնելով վարչապետ Դավութօղլուի` վերջին շրջանում հաճախակի արվող հայտարարությունն այն մասին, որ հայկական սփյուռքը «մեր սփյուռքն է», Հրանտի եղբայրը շարունակել է. «Նա ճիշտ է ասում: Այս ճամբարը ժամանակին իրենց տունը համարող տասնյակ երեխաներ այսօր աշխարհի չորս կողմերում ցրված են: Այս սփյուռքին ինչպե՞ս եք պատմելու ճամբարի գլխին եկածը: Կարող եք ասել. «Մեր ժամանակաշրջանի հետ որևէ կապ չունի»: Ճիշտ է, ձեր ժամանակ չէ, որ այն խլվել է, սակայն այսօր, երբ դուք եք իշխանության, այն քանդում են: Այսօրվա ողջ պատասխանատվությունը ձեզ վրա է... Այս երեխաների ճակատի քրտինքով ստեղծված ճամբարը խլելու միջազգային իրավաբանական բնորոշման ամենահասարակ տարբերակը «բռնագրավումն» է: Պետությունը բռնագրավել է «Արմեն ճամբարը»: Եվ իմացեք, որ սրա մեղքը շատ և շատ ծանր է»,- եզրափակել է հայտարարությունը Երվանդը:

Ստամբուլում մայիսի 6-ին բուլդոզերները և հատուկ մեքենաները սկսել են քանդել հայ որբերի «Արմեն ճամբար» ամառային որբանոցը: Դրա դեմն առնելու նպատակով Թուրքիայում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ և պարզապես անհատներ շտապել են այնտեղ` կասեցնելու որբանոցի շենքի կործանումը: Ներկայում որբանոցի շենքի քանդումը մասամբ դադարեցված է: Շինության վրա տարբեր պաստառներ են փակցված և գրություններ են արված: «Արմեն ճամբար»-ի տարածքում նաև մարդիկ են հերթապահում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում