Քաղաքականություն

Ցեղասպանությունը չճանաչած Թուրքիան միշտ կմնա երկրորդ կարգի երկիր

4 րոպեի ընթերցում

Ցեղասպանությունը չճանաչած Թուրքիան միշտ կմնա երկրորդ կարգի երկիր

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան դեռևս պետք է հատուցի Հայոց ցեղասպանության մեջ իր հանցավորության համար, եթե ցանկանում է դասվել քաղաքակիրթ երկրների շարքը: «Հակառակ դեպքում, նրանք միշտ կմնան երկրորդ կարգի երկիր»,-

«Արմենպրես»-ի փոխանցմամբˋամերիկյան Newsmax TV հեռուստաընկերության «Սթիվ Մալցբերգի շոուի» ժամանակ նման կարծիք է հայտնել ամերիկահայ դրամատուրգ, արձակագիր և դերասանԷրիկՊողոսյանը:

Հեռուստահաղորդման ժամանակ Փուլիթցերյան մրցանակի դափնեկիրը ներկայացրել է վերջերս լույս տեսած գիրքվ՝ «Նեմեսիս» գործողությունը», նվիրված մի քանի երիտասարդների պատմությանը, ովքեր 1921-ին Հայոց ցեղասպանության վրիժառուների խումբ կազմեցին և այն «Նեմեսիս» կոչեցին՝ հատուցման ու վրեժխնդրության հին հունական աստվածուհու անունով:

«Ես կարծում էի, որ տեղյակ եմ Հայոց ցեղասպանության մասին: Ես մեծացել եմ տատիկիս ու պապիկիս հետ, ովքեր պատմել են ինձ դրա մասին, բայց երբեք չէի լսել վրեժխնդրության այս անհավանական գործողության մասին»,- ասել է Պողոսյանը:

Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությունից հետո երիտթուրքական կառավարության ու կուսակցության պարագլուխները գերմանական սուզանավով Կոստանդնուպոլսից տեղափոխվել են Գերմանիա: Թուրքիայի 1918 թ. դեկտեմբերի 16-ի դեկրետով «Միություն և առաջադիմություն» կառավարող կուսակցության և երկրի կառավարության պարագլուխներ Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Բեհաէդդին Շաքիրը և ուրիշներ մեղադրվել են Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու, հայերի տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու համար և հեռակա կարգով դատապարտվել մահվան:1919-ին Երևանում ՀՅԴ կուսակցության 9-րդ ընդհանուր ժողովը որոշում է ընդունել ի կատար ածել երիտթուրքական պարագլուխների նկատմամբ դատավճիռը: Արձանագրվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները:

Վրիժառուների խմբերը (3–5 մարդ) հետապնդում էին որոշակի հանցագործի և հարմար պահին դատավճիռն ի կատար ածում: Կատարվել են վրեժխնդրական հետևյալ գործողությունները:

Սողոմոն Թեհլերյանը (Թեհլիրյան) 1921 թ. մարտի 15-ին Բեռլինում իրագործել է Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Թալեաթի մահվան դատավճիռը:

Արշավիր Շիրակյանը 1921 թ. դեկտեմբերի 5-ին Հռոմում սպանել է երիտթուրքական կառավարության առաջին վարչապետ Սայիդ Հալիմին:

Արամ Երկանյանն ու Արշավիր Շիրակյանը 1922 թ. ապրիլի 17-ին Բեռլինում վերացրել են Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին և հակահայկական «Հատուկ կազմակերպության» հիմնադիր Բեհաէդդին Շաքիրին:

Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը 1922 թ. հուլիսի 25-ին Թիֆլիսում սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին. այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը:

Հայ վրիժառուները հետապնդել են նաև Թուրքիայի նախկին ռազմական նախարար Էնվերին, որը Գերմանիայից Բաքվով անցել էր Միջին Ասիա և դարձել հակախորհրդային բասմաչական շարժման ղեկավարներից: Այստեղ նրա սպանությունը կազմակերպել է Կարմիր բանակի զորահրամանատար Հակոբ Մելքումովը (Մելքումյան):

Չի հաջողվել գտնել երիտթուրքական կուսակցության նախկին գլխավոր քարտուղար Նազիմին: Սակայն տարիներ անց նա Գերմանիայից վերադարձել է Թուրքիա, անհաջող մահափորձ արել Մուստաֆա Քեմալի դեմ, որի համար և մահապատժի է ենթարկվել:

Բացի երիտթուրքական պարագլուխներից՝ հայ վրիժառուները ոչնչացրել են Ադրբեջանի մուսավաթական կառավարության գործիչների, որոնք մեղադրվում էին 1918 թ. սեպտեմբերին Բաքվում հայերի զանգվածային կոտորած կազմակերպելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում