ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող համաձայնել Ուկրաինայում խաղաղապահների տեղակայմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելովРИА Новости-ն, ՌԴ նախագահի խոսնակի խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է հակամարտության կողմերի համաձայնությունը:
«Բանն այն է, որ ռուսական կողմը երբեք չի վիճարկել խաղաղապահների միտքը: Սակայն ո՛չ ռուսական կողմը, ո՛չ էլ Մինսկի համաձայնագիրը երաշխավորող մեկ այլ կողմ, դրան համաձայնել չի կարող: Քանի որ դրա համար առաջին հերթին պետք է լինի հակամարտության կողմերի համաձայնությունը: Այսինքն, Կիևի և Դոնբասի»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ պաշտոնական Կիևը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Դոնբասում խաղաղապահ ուժեր տեղակայելու հնարավորությունը: Այդ մասին հայտնել էր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մամուլի ծառայությունը: