Հայոց ցեղասպանություն

Լեհաստանում մի շարք միջոցառումներով ոգեկոչել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

7 րոպեի ընթերցում

Լեհաստանում մի շարք միջոցառումներով ոգեկոչել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Վարշավայի կենտրոնական հրապարակում ապրիլի 23-ին կայացել է «Հայոց ցեղասպանությունը համաշխարհային մամուլի էջերում» թեմատիկ ցուցահանդեսի բացօթյա ցուցադրության պաշտոնական մեկնարկը: Ցուցահանդեսում ներկայացված է երիտթուրքերի կողմից հայ ժողովրդի հանդեպ իրագործված բռնությունների լուսաբանումը մի շարք երկրների պարբերական մամուլի առաջին էջերին՝ փորագրանկարներ և լուսանկարչական նյութեր մեծ ֆոտոպաստառների տեսքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ցուցահանդեսը կազմակերպվել է Լեհաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո լեհ-հայկական հիմնադրամի կողմից՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից մշակված նյութերով:

Ցուցահանդեսի պաշտոնական մեկնարկին ներկա են եղել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Հայ առաքելական եկեղեցու լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ աբեղա Ծատուրյանը, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Բացօթյա ցուցադրությունը շարունակվելու է մինչև մայիսի 11-ը, իսկ ցուցահանդեսի նյութերի վերաբերյալ տպագրվել է ծավալուն ձեռնարկ:

Նույն օրը Վարշավայի կենտրոնում գտնվող Սուրբ Յոզոֆի եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության ուղիղ հեռարձակումն Էջմիածնից, որին հետևել են դեսպան Ղազարյանը, Լեհաստանի Սենատի անդամ, Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչը, Հայ առաքելական եկեղեցու լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ աբեղա Ծատուրյանը, Հայ կաթողիկե եկեղեցու ժողովրդապետ, քահանա Ռաֆայել Կրավչիկը, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Ապրիլի 24-ին` Երևանի ժամանակով ժամը 19:15-ին, մյուսների թվում հնչել են նաև Սուրբ Յոզեֆի եկեղեցու զանգերը, իսկ եկեղեցական երգչախումբը Վրոցլավի «Զար» թատրոնի երգչախմբի հետ միասին կատարել է «Հայր մեր»-ը: Միջոցառման ավարտին երկու հոգևորականների կողմից մատուցվել է ոգեկոչման հատուկ կարգ:

Ապրիլի 23-ին` երեկոյան ժամը 19:15-ին, Վրոցլավի «Զար» թատրոնի նախաձեռնությամբ և Լեհաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո Վարշավայի կենտրոնում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցում կայացել է Հայ հոգևոր երաժշտության համերգ՝ «Զար» թատրոնի երգչախմբի կատարմամբ: Դեսպան Ղազարյանի հրավերով համերգին ներկա էին Բելգիայի, Բոսնիա և Հերցոգովինայի դեսպանները, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ապրիլի 24-ին Լեհաստանի հայկական եկեղեցական, կրթամշակութային, բարեգործական, երիտասարդական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, հայ և լեհ մտավորականների և քաղաքական գործիչների ներկայությամբ Վարշավայի Սադիբա թաղամասի Հայկական պուրակում գտնվող Հայկական Խաչքարի մոտ Հայ առաքելական եկեղեցու լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ աբեղա Ծատուրյանը Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման կարգ է մատուցել: Դրան հաջորդել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սգո հանրահավաքը, լռության րոպեն, պսակադրման և մոմավառության արարողությունը:

Հանրահավաքին ելույթներով հանդես են եկել դեսպան Ղազարյանը և Լեհաստանի Սեյմի փոխխոսնակ (վիցեմարշալեկ) Մարեկ Կուչցինսկին: Հանրահավաքին ներկա են եղել Լեհաստանում Վատիկանի նվիրակը, Ռուսաստանի, Իսրայելի, Կիպրոսի, Շվեդիայի դեսպանները, Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատարը և Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելառուսի, Արգենտինայի, Վենեսուելայի, Չեխիայի, Նիդերլանդների, Բելգիայի, Ուկրաինայի դեսպանությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստի գործիչներ, լեհական ռադիոյի, ճանաչված պարբերականների լրագրողներ, ուսանողներ և Լեհաստանի տարբեր քաղաքներից հատուկ այդ նպատակով Վարշավա ժամանած հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հանրահավաքի ավարտից հետո մասնակիցներն անմոռուկներով ձևավորված ճրագներով և մոմերով շարժվել են դեպի Վարշավայի կենտրոն` Կրակովսկի Պեդմեշչիա, ուր տեղի է ունեցել լռության երթ դեպի հին քաղաքի կենտրոնական հրապարակ:

Ապրիլի կեսից Վրոցլավ քաղաքի կենտրոնական հրապարակում տեղադրվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցապաստառներ, բացվել է տեղեկատվական նյութերի բացօթյա ցուցահանդես, որը կշարունակվի մինչև մայիսի սկիզբը: Այդ ընթացքում նույն վայրում` Սուրբ Էլժբիետի եկեղեցու բակում, ամեն օր` երեկոյան ժամը 19:15-ին, մեկնարկում է Հայոց ցեղասպանությանը նվիրված բացօթյա ներկայացում, որը շարունակվում է Վրոցլավի «Զար» թատրոնում «Armine Sister» ներկայացման բեմականացմամբ:

Ապրիլի 23-ին Վրոցլավի Սուրբ Յան Խստիտիել Մայր տաճարում Վրոցլավի Մետրոպոլիայի Արքեպիսկոպոս Յուզեֆ Կուպնիի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ պատարագ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Պատարագին ներկա են եղել Լեհաստանում ՀՀ դեսպանության հյուպատոս Տիգրան Վարդանյանը, հոգևորականներ, Լեհաստանի Հայ կաթողիկե եկեղեցու հոգևորական Տադեուշ Իսակևիչ-Զալեսկին, Վրոցլավի և հարակից բնակավայրերի հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ: Վերջինս իր աղոթքում մանրամասն անդրադարձել է Հայոց ցեղասպանության պատմությանը և ճանաչման գործընթացին:

Այնուհետև ներկաները երթով շարժվել են դեպի Վրոցլավում տեղադրված հայկական խաչքար: Երթին մասնակցել են Լեհաստանում ՀՀ դեսպանության հյուպատոս Տիգրան Վարդանյանը, Վրոցլավի փոխքաղաքապետ Աննա Շարիչը, Լեհաստանի Սեյմի պատգամավոր Ալդոնա Մլինչակը, հասարակական-քաղաքական գործիչներ, հրեական և հունական համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, հոգևորականներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ: Խաչքարի մոտ ծաղիկների զետեղումից և մոմավառությունից հետո հատուկ տեղադրված էկրանի վրա ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ, ապա ելույթներով են հանդես եկել Վրոցլավի հայկական կազմակերպության ղեկավար Ադամ Դոմանասևիչը, Վրոցլավի հրեական համայնքի ղեկավարը, դոմինիկյան և հունական եկեղեցիների հոգևոր հովիվները:

Վերոնշյալ օրերին տարբեր մասշտաբների երթեր և մշակութային միջոցառումներ են տեղի ունեցել նաև Լեհաստանի մի շարք այլ քաղաքներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում