Տնտեսություն

Հայաստանի խորհրդարանում քննարկում են ատոմակայանի էներգաբլոկի շահագործման երկարաձգման համաձայնագիրը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի խորհրդարանում քննարկում են ատոմակայանի էներգաբլոկի շահագործման երկարաձգման համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև, 2014 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում: Հիմնական զեկուցողը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը նշեց, որ համաձայնագրի ընդունումը հնարավորություն կտա արդյունավետ կազմակերպել ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները: «Համաձայնագրով համապատասխան իրավասու մարմինների և լիազոր կազմակերպությունների միջև կանոնակարգվում են իրավական հարաբերությունները և լուծվում են բոլոր կազմակերպչական հարցերը: Փաստորեն, համաձայնագրում մենք արդեն ֆիքսում ենք, որ երկարաձգման հետ կապված բոլոր աշխատանքները իրականացվելու են երկու փուլով: Առաջին փուլի ընթացքում մենք զննելու ենք հիմնական սարքավորումների վիճակը և այդ վերլուծակակ աշխատանքների հիման վրա մշակվելու է արդեն երկարաձգման ծրագիրը իր ծավալով և գնահատականով, թե ինչքան է արժենալու այդ ծրագիրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Գալստյանը:

Նա ընդգծեց, որ համաձայնագրով սահմանված է, որ ծրագիրն իրականացնելու համար իրավասու կողմերը պետք է որոշում ընդունեն ֆինանսավորման համար: Նա հայտնեց, որ այդ որոշումն արդեն ընդունվել է, սակայն խորհրդարանի քննարկմանը կներկայացվի ավելի ուշ՝ երկրորդ համաձայնագրով, որը կվերաբերի ծրագրի ֆինանսավորմանը: «Ծրագրով նախատեսված է, որ եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի և գնահատականները լինեն դրական, մենք հնարավորություն կունենանք մինչև 2026թ. ներառյալ էնեգաբլոկի շահագործման համար տալ համապատասխան լիցենզիա»,- եզրափակեց փոխնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում