Սպորտ

Վասիլի Իվանչուկին դուր է եկել Լևոն Արոնյանի խաղն աշխարհի առաջնությունում

2 րոպեի ընթերցում

Վասիլի Իվանչուկին դուր է եկել Լևոն Արոնյանի խաղն աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի շախմատի հավաքականի առաջատար Վասիլի Իվանչուկի կարծիքով, Հայաստանի հավաքականի կազմում փայլեց Լևոն Արոնյանը:

«Ուկրաինայի հավաքականը լավ խաղաց շախմատի աշխարհի թիմային առաջնությունում: Մենք շատ մոտ էինք հաղթանակին, սակայն, ցավոք, միայն երկրորդն ենք: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նրա հավաքականի խաղը շատ ստեղծագործական էր, սակայն շատ անկայուն խաղ էր ցուցաբերում: Հրաշալի խաղաց Լևոն Արոնյանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:

Խոսելով Ծաղկաձորի և մրցաշարի կազմակերպվածության մասին՝ Իվանչուկը շեշտեց. «Այո, ինձ շատ դուր եկավ: Աշխարհի առաջնությունը հրաշալի էր կազմակերպված, լեռնային եղանակն անկրկնելի էր: Մեծ հաճույք էր այստեղ շախմատ խաղալը: Եթե ևս մեկ անգամ էլ հրավիրեք, անպայման կգամ»:

Շախմատի աշխարհի հոբելյանական առաջնության չեմպիոն դարձավ Չինաստանի հավաքականը՝ 15 միավորով: Ուկրաինան երկրորդն էր՝ 12 միավորով, իսկ Հայաստանի հավաքականը՝ երրորդը:

Այս տարվա մրցաշարը բացառիկ էր. առաջին անգամ աշխարհի թիմային առաջնությունների պատմության ընթացքում մասնակից 50 շախմատիստներից 49-ը կրում էին գրոսմայստերի կոչում: Այս ցուցանիշը եզակի է շախմատային մրցաշարերի տարեգրության մեջ: Հայաստանն այն երկիրն է, որին արդեն երկրորդ անգամն է բախտ վիճակվում կազմակերպելու աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստանը մինչ այժմ մեկ անգամ հռչակվել է աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, երեք անգամ` բրոնզե մեդալակիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում