Հայոց ցեղասպանություն

Հայկական քաղաքակրթությունը մեծ մշակույթների հայելիում. ցուցահանդես Սանկտ Պետերբուրգում

3 րոպեի ընթերցում

Հայկական քաղաքակրթությունը մեծ մշակույթների հայելիում. ցուցահանդես Սանկտ Պետերբուրգում

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ , 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Սանկտ Պետերբուրգի Նկարիչների տանը բացվել է «Հայկական քաղաքակրթությունը մեծ մշակույթների հայելիում» գեղարվեստական բարձրարժեք լուսանկարների ցուցահանդես, որտեղ ներկայացված են Բորիս Բարատովի ավելի քան հինգ հարյուր լուսանկարներ: «Արմենպրես»-ի թղթակիցը Սանկտ Պետերբուրգից հաղորդում է, որ ցուցահանդեսի բացմանը ներկա էին քաղաքի իշխանությունների, ստեղծագործական միավորումների, հայկական և տեղի մյուս համայնքների ներկայացուցիչները, արվեստագետներ, լրագրողներ:

Ներկաներին ողջունել է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը: Նա նշել է, որ իր պատմության ընթացքում հայ ժողովուրդը ստեղծել է մշակույթի բազմաթիվ արժեքներ, պատմական հուշարձաններ, անկրկնելի ճարտարապետական կոթողներ, որոնք այսօր իրենց մնայուն տեղ են զբաղեցնում քաղաքակրթության տարեգրությունում: Ցուցահանդեսը ընդգրկում է տարբեր դարաշրջաններում Միջին և Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Ռուսաստանում կյանքի կոչված հայկական ճարտարապետության գլուխգործոցների մասին պատմող հրաշագեղ լուսանկարներ:

Հեղինակն առանձին բաժիններով ներկայացնում է անցյալի ու ներկայի հայկական եկեղեցիները, աշխարհիկ շինությունները, վեհաշուք կոթողները: Այցելուի վրա հաճելի տպավորություն են թողնում ուրարտական, Արտաշեսյան, Անիի, Կիլիկյան թագավորությունների ժամանակ ստեղծված մշակութային արժեքների մեծադիր լուսանկարչական վառ պատկերները: Բորիս Բարատովն իր լուսանկարչական ապարատով այցելել է Իսրայել (Երուսաղեմ), Սիրիա, Լիբանան, Թուրքիա (Ստամբուլ), լուսանկարել է այն ամենը, ինչը իր վրա կրում է հայկական մշակույթի, պատմության դրոշմը: Ցուցահանդեսում առանձին բաժին է հատկացված ներկայիս Հայաստանի և Արցախի տարածքներում պահպանված հնությունների մասին պատմող լուսանկարներին:

Ապրիլի 24-ին Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի ու ոգեկոչման պատարագ մատուցվեց: Ապա հայկական համայնքի ներկայացուցիչները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին եկեղեցու բակում կանգնեցված խաչքարին: Սանկտ Պետերբուրգի Մարսյան դաշտում տեղի է ունեցել բազմամարդ հանրահավաք: Հանրահավաքի մասնակիցները կոչ ուղղեցին պետություններին, հասարակական կազմակերպություններին` պահանջելով դատապարտել ցեղասպանությունը, ստիպել Թուրքիային ճանաչել ցեղասպանությունը, բավարարել նահատակների ժառանգների արդարացի պահանջը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում