Հայոց ցեղասպանություն

ԱՄԷ-ում կայացել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

2 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ում կայացել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբու Դաբիի Սուրբ Նահատակաց եկեղեցում ապրիլի 23-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ելույթ են ունեցել Աբու Դաբիի կիրակնօրյա վարժարանի աշակերտները, Աբու Դաբիի երիտասարդական երգչախումբը, ասմունքով է հանդես եկել Ատիս Մուրադյանը, որին հետևել է «Հայկական հուշակոթողների վիճակը Արևմտյան Հայաստանում» տեսաֆիլմի դիտումը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, իր խոսքում հիշեցնելով օրվա պատգամը, անդրադարձել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումում նախագահ Սերժ Սարգսյանի խոսքին և նրա հնչեցրած 4 ուղերձին՝ հիշողություն, երախտագիտություն, կանխարգելում և վերածնունդ։ Կաթողիկոսական փոխանորդ Տեր Մեսրոպ վարդապետ Սարգսյանի աղոթքին և օրվա խորհրդին ու նահատակների սրբադասմանը նվիրված խոսքին հետևել է մոմավառությունը դեսպան Ղարիբջանյանի ընտանիքի կողմից նվիրաբերված խաչքարի առջև։

Ապրիլի 23-ին Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից ուղիղ հեռարձակվել է Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը, որին հետևել է «Օհաննեսյան» վարժարանի աշակերտների աշխատանքների ցուցադրությունը։

Ապրիլի 24-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կայացած պատարագից հետո համալիրի բակում տեղի է ունեցել մոմավառություն, ապա կաթողիկոսական փոխանորդ Տեր Մեսրոպ վարդապետ Սարգսյանը, դեսպան Ղարիբջանյանը և նվիրատու Վիկտոր Բարութը բացել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձանը։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Արաբական Միացյալ էմիրություններում տեղի ունեցած ոգեկոչման արարողությունները շարունակական են լինելու ամբողջ տարվա ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում