Քաղաքականություն

ԵԺԿ-ն կշարունակի ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ

3 րոպեի ընթերցում

ԵԺԿ-ն կշարունակի ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ժողովրդական կուսակցությունը կշարունակի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր ջանքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստան կատարած երկօրյա այցին հաջորդած հայտարարության մեջ ասել էԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլը:

Եվրոպական ամենամեծ և ազդեցիկ քաղաքական կուսակցության ղեկավարը Հայաստան էր ժամանել ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այցի ընթացքում նա մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, Նախագահ Սարգսյանի, միջազգային և ազգայինայլ գործիչների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անմար կրակի մոտ:

«Իմ այցի նպատակն էր հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայ ժողովրդի դեմ մեկ դար առաջ իրականացված դաժան գործողությունները ոչ միայն հայերի, այլև ողջ մարդկության ողբերգությունն են: ԵԺԿ-ն կոչ է արել, և կշարունակի կոչ անել այդ գործողությունները ճանաչել որպես ցեղասպանություն: Ճանաչումն անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ սգան իրենց վիշտը և առաջ շարժվեն դեպի հաշտեցում»,- հուշահամալիր կատարած այցից հետո հայտարարել է ԵԺԿ նախագահը:

Երևանում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ու Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ ունեցած տարբեր հանդիպումների ընթացքում Դոլը քննարկել է քաղաքական, տնտեսական և Հայաստանի անվտագությանն առնչվող հարցեր, ինչպես նաև ԵՄ-Հայաստան հարաբերությունների և Ռիգայում կայանալիք ԱլԳ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Նախագահ Դոլը վերահաստատել է ԵԺԿ-ի աջակցությունը Հայաստանի կառավարությանը և խրախուսել է շարունակել եվրոպական չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ տարվող բարեփոխումները:

Փորրձի փոխանակումներ են տեղի ունեցել ԵԺԿ նախագահի և հայկական երեք ` Հայաստանի Հանրապետական, «Ժառանգություն» և «Օրինաց երկիր» կուսակցությունների առաջնորդների միջև:

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հետ հանդիպմանը ԵԺԿ նախագահը մի շարք հարցերի հետ քննարկել է նաև քրիստոնյաների դրությունն աշխարհում:

Բացի այդ, Ջոզեֆ Դոլը հայկական բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների հետ զրուցել է Հայաստանի քաղաքական և տնտեսական իրավիճակի մասին:

Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահի այցից առաջ կուսակցության անդամները մարտին բանաձև էին ընդունել, որտեղ դատապարտել են հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանական գործողությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում