Հայոց ցեղասպանություն

Դամասկոսում Հայոց ցեղասպանության նահատակների հուշարձանի հիմնաքար է տեղադրվել

2 րոպեի ընթերցում

Դամասկոսում Հայոց ցեղասպանության նահատակների հուշարձանի հիմնաքար է տեղադրվել

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում ապրիլի 26-ին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի հիմնաքարն է տեղադրվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց դամասկոսահայ Նազարեթ Էլմաջյանը: Արարողությանը ներկա են գտնվել Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանը, Սիրիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը, Դամասկոսի քաղաքապետը, նաև սիրիական կառավարության երկու նախարար:

Ավելի վաղ Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցու ֆեյսբուքյան էջը տեղեկացրել էր, որ «Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների» հրապարակի և Հայոց ցեղասպանության 100-ամյակի հուշարձանի հիմնարկեքի բացման նախապատրաստական բոլոր աշխատանքներն արդեն ավարտվել են:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին Դամասկոսի քաղաքապետարանը որոշում է կայացրել մայրաքաղաքի հրապարակներից մեկն անվանել «Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների» հրապարակ, որը գտնվում է Հին Դամասկոսում՝ քրիստոնեական Բաբ Թումա թաղամասում, հայ առաքելական ս. Սարգիս եկեղեցու մերձակայքում:

Համացանցում տարածվել է հրապարակի անվան ցուցանակը, որի կողքին փակցված մեկ այլ ցուցանակի վրա նշվել է, որ Հայոց ցեղասպանությունը ժամանակակից պատմության մեջ առաջին ցեղասպանությունն է՝ իրագործված թուրքերի կողմից առաջին աշխարհամարտի ընթացքում և հետո, որի զոհերի թիվը գերազանցում է 1.5 միլիոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում