Քաղաքականություն

Ադրբեջանաբնակ թալիշների առաջնորդը պանթուրքիստներին նմանեցրել է աշխարհում տարածված վտանգավոր վարակներին

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանաբնակ թալիշների առաջնորդը պանթուրքիստներին նմանեցրել է աշխարհում տարածված վտանգավոր վարակներին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինքնահռչակ «Մուղանի թալիշական հանրապետության» առաջնորդ Ալակրամա Ալակպարովի Գումմատզոդան Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել հայ ժողովրդին:

«Սիրելի ընկերներ, մենք` թալիշներս, վշտակցում ենք ձեզ: Թող Աստված այլևս չուղարկի ձեզ այսպիսի ծանր փորձություններ: 1915 թվականի ապրիլի 24-ը տխուր օր է հայ ժողովրդի օրացույցում: Այս ողբերգությունը սև օր է մարդկության ողջ պատմության համար: Պատմությունը դեռևս իրական գնահատական չի տվել Հիտլերից առաջ իրականացված այդ վայրագություններին, և ոչ մի ժողովուրդ այդպես չի կարող վերանալ, որովհետև Աստված է ստեղծել ժողովուրդներին:

Հայերն աշխարհին տվել են բազմաթիվ նշանավոր գործիչներ քաղաքականության, մշակույթի և այլ ասպարեզներում: Օսմանյան պանթուրքիստները, ոչնչացնելով ավելի քան մեկ միլիոն հայերի, չկարողացան վերացնել հայերին, ինչը մենք այժմ տեսնում ենք՝ ի դեմս ժողովրդավար Հայաստանի Հանրապետության:

Ադրբեջանում 1993 թվականին մենք ձգտում էինք ստեղծել մեր պետությունը, սակայն ադրբեջանական պանթուրքիստները ոչնչացրեցին մեր ժողովրդի հազարավոր զավակներին՝ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության պատերի ներքո: Պանթուրքիստները, իբրև աշխարհի ամենավտանգավոր վարակներ, սատանայական կրքով վերացնում են հարևան ժողովուրդներին:

Մենք` թալիշներս, դիմում ենք բոլոր ազատասեր ժողովուրդներին. մենք անիծում ենք նման վայրագություններն ու անմարդկայնությունները: Թող գա այն օրը, երբ մենք կտոնենք հայ-թալիշական ընկերության հաղթանակն, ադրբեջանական լծից ազատված մեր Թալիշստանի մայրաքաղաք Լանկոնում (Լենկորան):

Կեցցե՜ հայ-թալիշական բարեկամությունը, կեցցե՜ հայ ժողովուրդը, կեցցե՜ հզոր Հայաստանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշված է Թալիշների առաջնորդի ուղերձում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում