Հայոց ցեղասպանություն

Բաղդադի հայությունը բողոքի քայլարշավ է կազմակերպել դեպի թուրքական դեսպանատուն

2 րոպեի ընթերցում

Բաղդադի հայությունը բողոքի քայլարշավ է կազմակերպել դեպի թուրքական դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղդադի հայությունն ապրիլի 23-ի առավոտյան բողոքի քայլարշավ է կազմակերպել դեպի թուրքական դեսպանատուն:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Իրաքի հայոց թեմի ֆեյսբուքյան էջից: Ավելի քան 500 հայեր Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ Արք. Ասատուրյանի գլխավորությամբ, քահանա հայրերի, ազգային կենտրոնական վարչության և մյուս միությունների վարչությունների անդամների ուղեկցությամբ, քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն: Նման նախաձեռնություն Իրաքի հայերի պատմության մեջ տեղի է ունեցել առաջին անգամ:

Հայերի հետ ցույցին մասնակցել են նաև Իրաքի տեխնոլոգիաների ու գիտությունների նախարար Ֆարիս Յուսուֆը, Իրաքի խորհրդարանի քրիստոնյա պատգամավոր Յուսիֆ Սալեբան, Բասրա նահանգի նահանգապետարանում քրիստոնյաների ներկայացուցիչ Նովաք Պետրոսյանը և մի շարք պատասխանատուներ:

Ցույցը լուսաբանվել է իրաքյան առաջատար լրատվամիջոցների կողմից՝ «Իշթար», «Սոմարիա», «Ալ Մադա», «Ալ Հուրրա»:

Հասնելով թուրքական դեսպանատան մոտ՝ Ազգային կենտրոնական վարչության ատենապետ Մելքոն Մելքոնյանը կարդացել է իրաքահայության բողոքագիրը՝ ուղղված թուրքական իշխանություններին, սակայն այն դեսպանատուն փոխանցել չի հաջողվել, քանի որ թուրքերը դուրս չեն եկել այն վերցնելու, նրանք նույնիսկ դեսպանատան տանիքին բարձրացված թուրքական դրոշն են իջեցրել:

Այնուամենայնիվ, բողոքագիրը փակցվել է դեսպանատան պատերին, ինչպես նաև հանձնվել է լրատվամիջոցներին, որի շնորհիվ Ցեղասպանության անժխտելի իրողությունը լսելի կլինի նաև Իրաքի ժողովրդին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում