Համարժեք գնահատական չստանալով՝ Հայոց ցեղասպանությունը նախադեպ դարձավ նոր ոճրագործությունների. Գարեգին Երկրորդ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոսք է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, կաթողիկոսը նշել է.

«Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,

Բարեկամ պետությունների պատվարժան Նախագահներ և պետական այրեր,

Քույր Եկեղեցիների հոգևոր Պետեր և բարեջան եկեղեցականներ,

Միջազգային և միջեկեղեցական կազմակերպությունների մեծարգո ներկայացուցիչներ,

Մեծապատիվ հյուրեր և սիրելի բարեպաշտ ժողովուրդ.

Նվիրական և պատմական օր է այսօր: 100-րդ տարելիցն է Հայոց ցեղասպանության: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վերստին համախմբվել ենք ոգեկոչելու մեր սուրբ նահատակների հիշատակը:

Հոգևոր մխիթարություն է հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր ժողովրդի և մեզ համար, որ բյուրավոր մեր նահատակների հիշատակի արարողությանը Ձեր ազնիվ մասնակցությունն եք բերում պատվարժան Նախագահներ բարեկամ պետությունների, սիրեցյալ հոգևոր Պետեր և սպասավորներ Քույր եկեղեցիների, պետական, հասարակական և միջեկեղեցական կառույցների բարձրապատիվ ներկայացուցիչներ: Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ և Ձեր երկրների ժողովուրդներին ու իշխանություններին` մեր ժողովրդի հանդեպ դրսևորած հարգանքի համար:

Օսմանյան Թուրքիայի կողմից 20-րդ դարասկզբին իրագործված Հայոց ցեղասպանությունը մեր նորագույն պատմության մեծագույն ողբերգությունն է, որը համարժեք գնահատական և դատապարտություն չստանալով` նախադեպ դարձավ նոր ոճրագործությունների: Գոհություն Աստծո, ներկայիս Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է. գտնում է ճանաչում և դատապարտություն: Մեր ներկայությունն այստեղ ընդգծում է մեր պատասխանատվությունը սերունդներին ավանդելու բռնություններից ու եղեռնագործություններից զերծ խաղաղ ու ապահով աշխարհ:

Աստծո օրհնությամբ երեկ կատարեցինք սրբադասումը Ցեղասպանության տարիներին վասն հավատո և վասն հայրենյաց իրենց կյանքը զոհաբերած զավակների մեր Սուրբ եկեղեցու: Այսօր արարատահայաց այս բարձունքից, ուր լուսազգեստ հոգիներն են մեր նահատակների, և սրբությունն է մեզ վրա հովանի, բարեխոսական աղոթք ենք վերառաքում երկինք` աղերսով աշխարհին խաղաղություն, մարդկանց մեջ` սեր և համերաշխություն: Մեր սուրբ նահատակները այսօր պատգամ են բերում մեզ և կոչում լինելու առաքյալներ, առաքյալներ` արդարության, դատապարտելու եղեռնագործությունները մարդկության դեմ` ցեղասպանությունները, ահաբեկչությունները, մարդու և ազգերի իրավունքների ոտնահարումները: Մարդասիրության, արդարության ու խաղաղության հովանավոր մեր սուրբ նահատակները կոչում են մեզ լինելու առաքյալներ ճշմարտության` ընդդեմ կեղծիքի քարոզչության ու տարածման, մերժելու ժխտողականությունը, հաղթահարելու անհանդուրժողականությունն ու անտարբերությունը:

Ցեղասպանության դառն հիշողությունները 100 տարիների ընթացքին չարությամբ ու ոխակալությամբ չեն մթագնել մեր ժողովրդի հոգին: Մեր վշտին ատելություն չի խառնվել, սակայն եղել ենք անհաշտ խարդավանքների, մեր պատմության խեղաթյուրման հանդեպ, եղել ենք աննահանջ` ճշմարտության պայքարի մեր ճանապարհին: Մեր ժողովուրդն այսօր շարունակում է ապրել շրջափակման և պատերազմի վտանգի պայմաններում, դիմակայում է դժվարությունների և իր իրավունքները պաշտպանում մարդու և ազգերի իրավունքների գերակայության հավատով:

Մեր սուրբ նահատակների հիշատակի առջև վերստին երախտագիտություն ենք հայտնում Հայոց ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած երկրներին, պետական, կրոնական ու հասարակական կառույցներին ու կազմակերպություններին, նաև` բոլոր պետություններին, ժողովուրդներին ու անհատներին, ովքեր Ցեղասպանության դժնդակ տարիներին օգնության ձեռք մեկնեցին և ապաստան տվեցին մեր ժողովրդի զավակների:

Հայրապետիս աղոթքն է, որ մեր ժողովուրդը զորավոր պահի հավատքն ու հայրենյաց սերը, անկասելի` իր իրավունքները վերականգնելու կամքը: Հայցում ենք, որ մեր սուրբ նահատակների բարեխոսությամբ խաղաղությունը, արդարությունը, սերն ու ողորմությունը հավերժ թագավորեն երկրի վրա` հանուն մարդկության շեն, ապահով ու բարօր կյանքի»:

Հայերեն English Русский

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը