Բուլղարական Խասկովոյի քաղաքապետը չի տրվել թուրքական ճնշումներին եւ այգիներից մեկն անվանել է «Հայեր»
2 րոպեի ընթերցում

ԽԱՍԿՈՎՈ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Թուրքիայի Օդրին քաղաքի քաղաքապետ Ռեդջեփ Գյուրկան փորձում է խզել իր հարբերությունները Բուլղարիայի Խասկովո քաղաքի հետ: Օդրինի քաղաքապետն այդ քայլին է գնում այն պատճառով, որ Խասկովոյի քաղաքապետ Գեորգի Իվանովը Խասկովոյի հայ համայնքի խնդրանքով քաղաքի այգիներից մեկը որոշել է անվանակոչել «Հայեր»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով dnes.dir.bg բուլղարական կայքէջը, Խասկովոյի քաղաքապետը հայատարարության մեջ նշել է, որ իր որոշումը մնում է անփոփոխ: Ավելին, Գեորգի Իվանովը կարծիք է հայտնել, որ յուրաքանչյուր ազգ ունի իր իրավունքներն ու հնարավորությունները և հայերն իրենց պատմության կրողն են:
Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ., իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխարհի ավելի քան երկու տասնյակ պետություններ, ԱՄՆ 43 նահանգներ, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, հեղինակավոր այլ կազմակերպություններ:
Լուսանկարը` blitz.bg