Քաղաքականություն

Իրանական Ռաշտ քաղաքում Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հուշաձան է կառուցվել

1 րոպեի ընթերցում

Իրանական Ռաշտ քաղաքում Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հուշաձան է կառուցվել

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական Ռաշտ քաղաքում՝ «Մ.Ա. Հորդանանյան» դպրոցի բակում, Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի առիթով հուշաձան է կառուցվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ալիք» օրաթերթից: Հուշարձանի աշխատանքներն ավարտվել են 2015թ. մարտի 5-ին:

Հուշարձանի կառուցման ժամանակ հաշվի են առնվել հետևյալ կետերը. այն ունի միջանցք՝ կոտրված քարերով՝ ի նշան ավերման ու քայքայման, աստիճանաձև կառուցվածք՝ ի նշան այն բանի, որ հայ ժողովուրդը կոտորածից հետո ավելի ուժեղ է կանգնել ոտքի և խոնարհված գլուխը բարձրացրել, ծաղիկներ՝ որպես հայության նահատակների խորհրդանիշ, ճառագայթի ձևավորում՝ որպես հավերժության խորհրդանիշ, որը հուշում է՝ նահատակները հավերժ չեն մոռացվի և մեզ կուղեկցեն մինչև հաղթանակ, երկու ձեռքեր, որոնց բարձրությունը 1915 մմ է: Հուշարձանն ունի նաև խաչ, որը մատնանշում է ազգի հավատը կրոնի հանդեպ, սև քար, որի վրա քանդակված է «Ի հիշատակ Մեծ եղեռնի» և կրակ՝ որպես հույսի խորհրդանիշ, որը միաժամանակ խունկ վառելու հնարավորություն է տալիս:

Հուշարձանը նախագծել է ճարտարապետ Մաքսիմ Հովսեփյանը, իսկ Ռաշտի եկեղեցա-դպրոցական հոգաբարձությունը աշխատանքներ է տարել ակնառու ու մնայուն շինությունը կառուցելու ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում