Հայոց ցեղասպանություն

Թեհրանի «Ակունք» կենտրոնի աշակերտները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

2 րոպեի ընթերցում

Թեհրանի «Ակունք» կենտրոնի աշակերտները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Թեհրանի հայոց թեմի մանկապարտեզ-նախակրթարանի, տարրական դպրոցների և մարմնամտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնի աշակերտներն ապրիլի 21-ին Թեհրանի ս. Գրիգոր, ս. Թարգմանչաց և ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում իրենց հարգանքի տուրքն են մատուցել բյուրավոր նահատակների հիշատակին տեղադրված հուշարձանների մոտ:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ալիք օրաթերթից:

Թեհրանի հայոց թեմի կրթական խորհրդի նախաձեռնությամբ միջոցառումները մեկնարկել են Տերունական աղոթքով, ապա աշակերտներին բացատրություններ են փոխանցել Հայոց ցեղասպանության մասին, և ապրիլյան ոգով տոգորված աշակերտները վանկարկել են կարգախոսներ և մեկական ծաղիկ դրել ու խնկարկել Մեծ եղեռնի նահատակների հիշատակին:

Ավելի վաղ՝ ապրիլի 20-ի առավոտյան, «Յիշում եմ և պահանջում» կարգախոսի ներքո համախմբված, դպրոցների միջնակարգ օղակի, նաև ուրբաթօրյա դասընթացների մեծ թվով աշակերտ-աշակերտուհիներ հավաքվել էին «Արարատ» մարզավանի «Սասունցի Դավիթ» սրահում՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Տեղի է ունեցել ծաղիկների մատուցման արարողություն: Աշակերտները խոնարհվել են Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարերի առջև:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում