Հասարակական

Թուրքիայի Հանրապետությունը երիտթուրքերի չափ մեղավոր է Ցեղասպանության մեջ

4 րոպեի ընթերցում

Թուրքիայի Հանրապետությունը երիտթուրքերի չափ մեղավոր է Ցեղասպանության մեջ

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քեմալական կոտորածներ» վավերագրական ֆիլմի սցենարի հեղինակ Անահիտ Աստոյանը վստահ է` ֆիլմը ցույց է տալիս, որ Թուրքիայի Հանրապետությունը նույնքան մեղավոր է Հայոց ցեղասպանության մեջ, որքան երիտթուրքերը: Լրագրողների հետ զրույցում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արխիվային բաժնի ավագ գիտաշխատող Անահիտ Աստոյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության` 1919-1923 թվականների իրադարձությունների մասին շատ չի խոսվում, մինչդեռ դրանք վկայում են քեմալականների ոչ պակաս վայրագությունների մասին: «Ինչպես հայտնի է, 1918 թվականի հոկտեմբերի 30-ին Առաջին համաշխարհային պատերազմում պարտված Օսմանյան կայսրությունն ստորագրեց Մուդրոսի զինադադարի պայմանագիրը, որի հոդվածներից մեկի համաձայն` վերապրած հայությունը սիրիական անապատներից վերադարձավ իր նախկին բնակավայրերը: Սակայն շատ շուտով երկրում թափ ստացավ Մուստաֆա Քեմալի ղեկավարած ազգայնական շարժումը, որը շարունակեց երիտթուրքերի ցեղասպան քաղաքականությունը: Քեմալականները կոտորեցին ու տեղահանեցին վերապրած ողջ արևմտահայությանը և հայաթափեցին երկիրը: Արդյունքում՝ կարողացան ասպարեզից վերացնել հայկական հարցը, հայերի` դարերի ընթացքում ստեղծված ունեցվածքի յուրացումով վճարեցին երկրի արտաքին պարտքի զգալի մասը, հոգացին պատերազմական մեծագումար ծախսերը, ստեղծեցին ազգային կապիտալ ու թրքացրին երկրի տնտեսությունը: Այնպես որ, Թուրքիայի Հանրապետությունն ստեղծվեց Հայոց ցեղասպանության արդյունքում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շեշտեց Անահիտ Աստոյանը` նշելով, որ ֆիլմը ներառում է ներկայացված ողջ տեղեկատվությունը:

Մատենադարանի ավագ գիտաշխատողը վստահեցրեց, որ թուրքական պաշտոնական պատմագրությանը, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը` պնդելով, որ Թուրքիայի Հանրապետությունն առնչություն չունի նշյալի հետ, գալիս են հակադրվելու օտարների վկայություններն ու թուրք առաջադեպ պատմաբանների ուսումնասիրությունները: «Պաշտոնական պատմագիրները հայտարարում են, որ հայերի տեղահանությունը կազմակերպել են երիտթուրքերը, սակայն պատմական փաստերը հաստատում են, որ հենց քեմալական շարժման գործիչները երիտթուրքեր էին. Թուրքիայի Ազգային ժողովի, կառավարությունն ու, մանավանդ, զինվորական հրամանատարությունը կազմված էին երիտթուրքերից: Թուրքիայի Հանրապետության հիմնադիր կազմը կամ մասնակցել է 1915 և 1919-1923 թթականների կոտորածներին, կամ հարստացել Հայոց ցեղասպանորթյան արդյունքում»,- ասաց ֆիլմի սցենարի հեղինակը:

Անահիտ Աստոյանի խոսքով` ֆիլմում ներկայացված են այն մեթոդները, որոնցով գործել են քեմալականները: Դրանք այն նույն գործիքներն են, որ կիրառել են երիտթուրքերը` կանանց ու երեխաների բռնի թրքացում, հայերի կոտորածներ և այլն: Նա նաև տեղեկացրեց, որ ֆիլմում օգտագործվել են Այնթափի հերոսամարտի բացառիկ պատկերները, որոնք պահվում են Մատենադարանի ֆոնդերում: «Ֆիլմի սցենարն ստեղծելիս օգտագործել եմ թուրք առաջադեմ պատմաբանների ուսումնասիրությունները»,- նշեց Անահիտ Աստոյանը` հավելելով, որ պատրաստվում է ապագայում լույս ընծայել գիրք, ուր կներառվեն իր երկարամյա ուսումնասիրությունները:

«Քեմալական կոտորածներ» վավերագրական ֆիլմի ռեժիսորը Արա Շիրինյանն է: Ֆիլմն արտադրվել է «Շողակաթ» հեռուստաընկերությունում:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, պետական ու հոգևոր դասի այլ ներկայացուցիչներ ներկա գտնվեցին ֆիլմի շնորհանդեսին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում