ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոի Կոնստադոպուլուի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, կողմերը քննարկել են հայ-հունական երկկողմ հարաբերությունները, որոնց ներկայիս մակարդակը երկուստեք արժանացավ բարձր գնահատանքի:
Անդրադարձ է կատարվել երկու երկրների քաղաքական, տնտեսական, ռազմական հարաբերությունների խորացման հնարավորություններին: Կարևորելով խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում` զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են խորհրդարանական ձևաչափին:
Հունաստանի խորհրդարանի նախագահը հաստատել է, որ կայցելի Հայաստան` Հայոց ցեղասպանութան 100-րդ տարելիցի միջոցառումներին Հունաստանը ներկայացնելու նպատակով:
Հանդիպման ավարտին Զոի Կոնստադոպուլուն վերահաստատել է ՀՀ Ազգային ժողովի հետ ավանդական ջերմ հարաբերությունները շարունակելու և էլ ավելի զարգացնելու իր պատրաստակամությունը: