Հասարակական

Երևանում կկառուցվի ուսումնամարզական խոշոր համալիր

4 րոպեի ընթերցում

Երևանում կկառուցվի ուսումնամարզական խոշոր համալիր

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանն առաջիկայում կհամալրվի ուսումնամարզական նոր համալիրով, որն օրական կարող է ընդունել շուրջ 2000 մարդ: Ապրիլի 16-ին Երևանի Ավան վարչական շրջանում տեղի ունեցավ կառուցվելիք ուսումնամարզական համալիրի հիմնարկեքի արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ՓԲԸ վաչության նախագահ և գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը:

Ողջունելով ներկաներին՝ «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն ընդգծեց, որ «Գազպրոմ»-ը ոչ միայն էներգետիկ ոլորտի առաջատար, այլ նաև սոցիալական պատասխաատվություն կրող կազմակերպություն է: «Այսօր մեզ համար նշանակալի օր է: Մենք ««Գազպրոմ»-ը՝ երեխաներին» ծրագրի շրջանակներում տալիս ենք Երևանում խոշոր ուսումնամարզական համալիրի կառուցման մեկնարկը: Համալիրը կկառուցի ամենաժամանակակից տեխնոլոգիաներով: Այնտեղ կլինի մանկապարտեզ, լողավազան, դպրոց, սպորտային դահլիճ, կլինեն Հայաստանում ժողովրդականություն վայելող սպորտաձևերի համար դահլիճներ: Մենք ցանկանում ենք, որպեսզի մեծանա պինդ, համբերատար, առողջ, զարգացած սերունդ: Եվ այս համալիրը «Գազպրոմ»-ի ներդրումն է Հայաստանի Հանրապետության երիտասարդ սերնդի ապագայի համար: Շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի իրադարձության առթիվ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Միլլերը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վաչության նախագահ և գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանըընդգծեց, որ համալիրի կառուցումը հերթական մեծ ծրագիրն է, որն իրականացվում է «Գազպրոմ» ընկերության կողմից: «Հայաստանի նորագույն պատմության ընթացքում «Գազպրոմ»-ը համարվում է խոշորագույն ներդրողներից մեկը: 15 տարվա ընթացքում «Գազպրոմ»-ը Հայաստանի տնտեսությունում 900 միլիոն դոլարի ներդրում է արել, որոնք ծախսվել են երկրի գազաֆիկացման, Իրան-Հայաստան գազային խողովակաշարի կառուցման, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցման վրա: Այս նախագիծն ունի բացառապես սոցիալական նշանակություն: Առողջ և կրթված սերնդի դաստիարակությունը պետության զարգացման նախապայման է: Ես ուրախ եմ, որ մեր ընկերությունն իր ներդրումն է ունենալու այդ գործում: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել բոլորին այս նշանակալի իրադարձության համար»,- եզրափակեց Հարությունյանը:

Միջոցառման ավարտին Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասնակցությամբ տեղի ունեցավ կառուցվելիք համալիրի օրհնության կարգ:

Նոր ուսումնամարզական համալիրի շինարարությունը, որի նախնական արժեքը կազմում է 49.3 միլիոն դոլար, ամբողջությամբ կիրականացվի «Գազպրոմ» ԲԲԸ կողմից: 31 հազար 841 քմ ընդհանուր մակերեսով համալիրում գործելու են մանկապարտեզ, դպրոց, լողավազան, սահադաշտ, ֆուտբոլի դաշտ, ինչպես նաև մարզասրահներ և պարասրահ: Նախագծի համաձայն՝ ուսումնամարզական համալիրն օրական կարող է ընդունել շուրջ 2000 մարդ: Համալիրի օբյեկտների շահագործման և սպասարկման համար նախատեսվում է ստեղծել ավելի քան 230 աշխատատեղ: Շինարարական աշխատանքների ավարտից հետո հիշյալ տարածքում կարճ ժամանակահատվածում կկառուցվի նաև Երևանի քաղաքապետարանի կողմից նախատեսված 5500 քմ մակերեսով պուրակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում