ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական կառույցների և շենքերի վրա փակցվել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի վերաբերյալ պաստառներ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայոց ցեղասպանութjան 100-ամյա տարելիցի Սիրիայի կենտրոնական մարմնի պաշտոնական կայքից: Պաստառները փակցվել են Հայ Կաթողիկե վարժարանի, Հայ Կաթողիկե Սբ Խաչ եկեղեցու, Հայ Կաթողիկե Սբ Թերեզա վարժարանի, Հայ Կաթողիկե Սբ Երրորդություն եկեղեցու պատերի վրա: Ընդհանուր առմամբ, Հալեպի հայկական եկեղեցիների, միությունների և այլ կառույցների պատերին փակցվել են ավելի քան 50 պաստառներ:
Հալեպում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի Սիրիայի կենտրոնական մարմնի հրավերով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ձեռնարկները համակարգող մարմնի ատենապետների հետ պարբերաբեր նիստեր են գումարվում, որոնց ընթացքում քննարկվում են տարելից վերաբերյալ Հալեպում կայանալիք զանազան տեսակի ձեռնարկների հայտագրերը և ամսաթվերը:
Չնայած Հալեպում տիրող ծանր իրավիճակին, այնուամենայնիվ, շարունակվում են աշխատանքներ տարվել Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների կայացման համար:
Հալեպը շարունակում է մնալ Սիրիայի քաղաքներից ամենատուժածը՝ ապահովական, տնտեսական և կենցաղային առումներով:
Հայաշատ Հալեպը 2012թ. ամռանից հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների բախումների թիրախում, և մինչ այսօր դրանք այնտեղ չեն դադարում: ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը անցել է 220 հազարից: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: