Կարծիքներ

Սիրիայի ծայրահեղ իսլամիստների հետևում կանգնած է Թուրքիան. Սարգիս Գրիգորյան

3 րոպեի ընթերցում

Սիրիայի ծայրահեղ իսլամիստների հետևում կանգնած է Թուրքիան. Սարգիս Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայաշատ Սուլեյմանիա թաղամասում ապրիլի 10-12-ը սիրիական ընդդիմադիր իսլամական ծայրահեղական ուժերի իրականացրած ռմբակոծությունները պատասխան էին սիրիական կառավարական ուժերին, որոնք ապրիլի 10-ից ինտենսիվ օդային հարվածներ էին հասցնում Հալեպի և հարակից թաղամասերի` ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող տարածքներին: Լրագրողների հետ ապրիլի 16-ին կայացած հանդիպմանը հայտնեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը: «Երկու օր առաջ տեղեկություններ կային, որ Հալեպի արևմտյան Ազդահրա թաղամասում ընդդիմադիր իսլամական ծայրահեղական խմբավորումները լուրջ հաջողություններ էին արձանագրել, և նույնիսկ նրանց հաջողվել էր գրավել ռազմաօդային ուժերին պատկանող հետախուզության շենքը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա:

Նա նկատեց, որ Սիրիայում գործող ընդդիմադիր իսլամական ծայրահեղականների հետևում կանգնած է Թուրքիան: «Վերը նշված ծայրահեղական ուժերի միջոցով` Թուրքիան փորձում է իր ներկայությունը ապահովել Սիրիայում և ավելորդ չէ նշել, որ Սիրիայում ընդդիմադիր ուժերի հրամանատարների մեծ մասը ռազմական պատրաստվածություն է անցել հենց Թուրքիայում»,-շեշտեց արաբագետը և հավելեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագից հետո Թուրքիան կարող է Սիրիայի ծայրահեղական ուժերի ձեռքերով վնաս հասցնել Սիրիայում բնակվող քրիստոնյաներին:

Անդրադառնալով Սիրիայում բնակվող հայ համայնքի դրությանը`նա արձանագրեց հետևյալը. «Հալեպում բնակվող հայերը բախվել են լուրջ կենցաղային խնդիրների. նրանք գրեթե չունեն ջրամատակարում: Իհարկե, Սիրիայի կառավարությունը փորձում են հնարավորինս աջակցել Հալեպի հայ համայնքին, բայց մենք էլ պետք է բարձրաձայնենք Սիրիայում բնակվող հայերի անվտանգության խնդիրը, ինչն ամենակարևորն է»,-ընդգծեց Սարգիս Գրիգորյանը:

2015թվականի ապրիլի 10-ին ահաբեկիչները վերսկսել էին Հալեպի Սուլեյմանիա հայաբնակ թաղամասի հրետակոծումը, որի հետևանքով վիրավորվել էին մի քանի հայեր, ինչպես նաև վնասվել էին Հայ կաթողիկե եկեղեցու և «Սիմոն Վրացյան» հայկական կենտրոնի շենքերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում